«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, շարունակում է իրականացնել «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:
2017թ. մայիսի 30-ին Վրաստանի Քվեմո Քարթլի տարածաշրջանի Մարնեուլի քաղաքում, ուր բնակվում է հոծ ադրբեջանական էթնիկ փոքրամասնություն, «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա առաջինն էր այն 5 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Վրաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:
Աշխատաժողովին մասնակցեցին 18 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Քվեմո Քարթլի տարածաշրջանից, ինչպես նաեւ ծրագրի գործընկեր «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական կազմակերպության ներկայացուցիչ Ադրիեն Բեոդիենը, ով ժամանել էր Պրահայից:
Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.
- Վաղ ամուսնություններ.
- Երիտասարդության ցածր ներգրավվածության աստիճանը, հատկապես գյուղական վայրերում բնակվողների.
- Ընդհանուր կրթության ցածր մակարդակը, հատկապես՝ վրացերենի ուսուցման.
- Ժամանցի սահմանափակ հնարավորությունները երիտասարդության համար.
- Կարծրատիպերն ու նախապաշարումները բազմաթիվ ոլորտներում, ներառյալ եվրոպական ինտեգրման հեռանկարը.
- Տեղեկատվության սահմանափակ հասանելիություն.
- Լեզվի խնդիր (էթնիկ փոքրամասնությունը ներկայացնող երիտասարդության շրջանում վրացերենի վատ իմացությունը).
- Քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակ.
- Ինքնադրսեւորման հնարավորությունների բացակայություն.
- Երիտասարդական կենտրոնների բացակայություն գյուղերում.
- Տեղի բնակչության խոցելիությունը կեղծ լուրերի հանդեպ, ներառյալ եվրոպական ինտեգրմանը եւ ռուսական քարոզչությանը վերաբերող: