Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեց Ֆրանսիայի Վանսէն քաղաքի քաղաքապետ Լորան Լաֆոնին

857

8 մարտի 2017թ. Փարիզ:

Օրերս «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեց Ֆրանսիայի Վանսեն քաղաքի քաղաքապետ, Վալ Դէ Մարն նահանգի Ժողովրդական ու Անկախ կուսակցության (UDI) գլխավոր քարտուղար, Փարիզի ու Շրջակայքի Մարզային խորհրդի ավագ ներկայացուցիչ, Մեծ Փարիզի փոխնախագահ, Ֆրանսիայի Սենատի առաջիկա ընտրության թեկնածու Լորան Լաֆոնին:

Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ծավալած գործունեությունը եւ հետաքրքվածությունը ներգրավվելու իր աշխատանքներում Արեւմտյան Եվրոպայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ հայցեց Վանսենի քաղաքապետի աջակցությունը Փարիզում նման համագործակցության հարթակի ձեւավորման հարցում:

Պարոն Խուրշուդյանը նաեւ ներկայացրեց Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը նախընտրական այս շրջափուլում, քաղբանտարկյալների առկայության փաստը ինչպես նաեւ Հաց Բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի վերջերս տեղի ունեցած ապօրինի եւ ամոթալի կալանավորումը: Նա նաեւ ներկայացրեց լարված իրավիճակը Ադրբեջանա-Արցախյան սահմանի վրա եւ ալիեւյան վարչախմբի ագրեսիվ եւ հակահումանիտար քաղաքականության ռիսկերը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համար՝ պատերազմի վերսկսման հավանականության տեսանկյունից:

Վանսենի քաղաքապետը իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրների քաղաքացիական հասարակությունների գործունեությամբ հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունենքրի պաշտպանության: Նա նշեց, որ շատ բաների մասին, որոնք նշվեցին Հովսեփ Խուրշուդյանի կողմից նա տեղյակ չի եղել եւ որ դրանք հաշվի կառնի իր հետագա գործունեության ընթացքում:

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ լրատվական ծառայություն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը 2012թ.-ին հիմնադրել են Հայաստանի մի խումբ համախոհ քաղաքացիներ՝ իրենց նպաստը բերելու համար Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործին եւ պորֆեսիոնալ աջակցություն ցուցաբերելու քաղաքացիական նախաձեռնություններին: «Ազատ քաղաքացի»-ն անդամակցում է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմին, Սեւծովյան հասարակական կազմակերպությունների տարածաշրջանային ֆորումին եւ ԵՄ-ԱլԳ «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրին: