Պահանջում ենք ոստիկանապետի պաշտոնանկությունը

280

Սեպտեմբերի 22 , 2022թ.

2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին  զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են: Առկա են նաև արժանահավատ տեղեկություններ գործողության ընթացքում՝ զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին: Գործողության արդյունքում խախտվել են քաղաքացիների՝ Հայաստանի Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի օրենսդրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներ:

Դատելով այն հանգամանքից, որ զոհված զինծառայողների հարազատները բերման ենթարկվելուց հետո բաժիններում ևս ենթարկվել են ապօրինի հետապնդման (նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել), իսկ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են ոստիկանության ու ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների մեծ թվով ծառայողներ, կարելի է վստահաբար պնդել, որ գործողությունը կատարվել է առնվազն ոստիկանության ղեկավար անձնակազմի հրամանով:

Ոստիկանության ու ոստիկանության զորքերի այդ ստորաբաժանումների միասնական վերադասը (պետը) ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որն անմիջականորեն ենթակա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս հայտարարում ենք, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը:

Հարկ է նկատել, որ զոհված զինծառայողների հարազատների և ծնողների նկատմամբ կազմակերպված բռնությունը նաև խիստ բացասաբար է անդրադառնում այս օրերին Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանող զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա:

Ոստիկանության՝ նման ոճով ղեկավարումը ոչ միայն չի բխում 2018 թվականի հեղափոխության և, առհասարակ, ժողովրդավարության արժեքներից, այլև համալրում է այդ արժեքներին հակասող ու նախկինում արձանագրված մի շարք պրոցեսների ցանկը (ինչպիսին է բարեփոխումների խոչընդոտումը, ներսում կոռուպցիայի դեմ պայքարի պակասը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարի անկարողությունը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները համարում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի (համապատասխան միջնորդություն ներկայացնելով ՀՀ նախագահին) ոստիկանության պետ Վահե Ղազարյանին:

Հակառակ պարագայում, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների և վկայակոչված այլ խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Միևնույն ժամանակ, անդընունելի ենք համարում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից արձագանքի և գնահատականի բացակայությունը, առավել ևս՝ իշխանական խմբակցության որոշ ներկայացուցիչների կողմից ոստիկանության այս հանցավոր պահվածքն արդարացնելու փորձերը։

Հավելենք, որ համարում ենք, որ ոստիկանական կազմակերպված այս հանցագործության հրաման արձակողներին քրեական հետապնդման ենթարկելը լուրջ ցուցիչ է լինելու՝ Հայաստանում դատաիրավական համակարգի անկախության վերաբերյալ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Տաթևիկ» ՀԿ

«Մարդու իրավունքների տուն Երևան» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ

«Լրագրողներ Հանուն մարդու Իրավունքների

Երիտասարդական ակումբների դաշնություն

«Ընտանիք և համայնք» ՀԿ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

«Առաքելություն Հայաստան» ՀԿ