Դատապարտում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կուսակցականացումը

293

Հոկտեմբերի 4, 2022

ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2022թ․ հոկտեմբերի 3-ին առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուներին։ Համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի` այս թեկնածուները համապատասխան մշտական հանձնաժողովի, այն է՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կառաջարկվեն Ազգային ժողովի քվեարկությանը։ Թե՛ հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովում փաստացի միայնակ որոշում է կայացնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ խորհրդակցելով, թերևս, միայն կուսակցության վարչության հետ: Հետևաբար՝ ամենայն հավանականությամբ,  առաջադրված թեկնածուները կընտրվեն Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից՝ առանց առարկությունների։

Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրում է տվյալ կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանին, որը 8-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Պարոն Հովակիմյանը զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ առնվազն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծման օրվանից և պատասխանատու է եղել տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար:

Կուսակցական կարկառուն ներկայացուցչի առաջադրումն իշխող քաղաքական ուժի կողմից ինքնին ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, ընտրական օրենսդրության և գործընթացների շարունակական բարելավման այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է կառավարության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, տեղական և միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով: Այն ի սկզբանե կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը՝ անկախ կուսակցական տոմսը վայր դնելու ձևական արարողությունից և չեզոքության մասին հայտարարություններից ու խոստումներից: Այս նշանակմամբ ռիսկի տակ է դրվելու ԿԸՀ վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանադրումից և անկողմնակալությունից:

Ի լրումն իշխող կուսակցության հայտնի քաղաքական գործչին անկախ մարմնի նախագահի պաշտոնում առաջադրելու ինքնին բացասական երևույթի դատապարտման՝ անհրաժեշտ ենք համարում նաև հրապարակային գնահատական տալ վերջին տարիների ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացում Վահագն Հովակիմյանի դերակատարմանը, որը հանդես է եկել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակադրված են եղել մեկ կուսակցության շահի սպասարկմանը, մշակվել են փակ դռների ետևում և միտված են եղել թափանցիկության ու հաշվետվողականության նվազեցմանը՝ հակադրվելով այս ոլորտում ներդրվող  մասնակցային գործընթացներին։

Միանշանակ է, որ իշխող կուսակցության կողմից իր գործչի նշանակումը չի նպաստում հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացմանը, և վտանգում է 2018թ. թավշյա հեղափոխության հիմնական ինստիտուցիոնալ ձեռքբերումը, որը թույլ է տվել գործող կառավարությանը հանդես գալ որպես ժողովրդավարական: Ինչպես բազմիս հայտնել ենք իշխանություններին պատգամավորական, մասնագիտական, ինչպես նաև վարչապետի մակարդակում, ևս մեկ անգամ հանրայնորեն պնդում ենք. Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժևորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում` հանրային մասնակցության ապահովման ու հանրային կարծիքի հանդեպ հարգանքի:

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջում ենք վերանայել առաջադրումը։  ԿԸՀ անդամի, և մասնավորապես՝ նախագահի պաշտոններում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական և քաղաքական գործունեություն չծավալող անձինք՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների՝ նոր ձևավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդումն ու ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

«Գյումրու առաջընթաց»

«Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ

Կանանց իրավունքների տուն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Իրավունքի զարգացման  և պաշտպանության հիմնադրամ

Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ