Հայաստանի ժողովրդավարական ուժերի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

922

Մայիսի 9, 2022 թ., Երեւան

 

Արձանագրելով, որ քաղաքակրթության առաքելությունն է պայմաններ եւ նախադրյալներ ստեղծել մարդու ազատության ու երջանկության իղձերի իրականացման համար,

հաշվի առնելով, որ այդ առաքելությունը հնարավոր է կյանքի կոչել մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների երաշխավորման միջոցով, ինչը հնարավոր է ապահովել ժողովրդավարության հաստատմամբ,

փաստելով, որ մերօրյա Ռուսաստանը՝ որպես մեր տարածաշրջանում եւ աշխարհում կայսերապաշտության եւ ավտորիտարիզմի հենասյուն եւ ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հաստատման դեմ պայքար մղող բռնապետություն` գործակցելով Ադրբեջանի ու Թուրքիայի ավտորիտար ռեժիմների հետ, 2020 թ. աշնանը պայմանավորված պատերազմի միջոցով զավթել ու կիսել է Արցախը եւ զուգահեռաբար փորձում է կլանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը,

արձանագրելով, որ ի շարունակումն այդ քաղաքականության, այսօր Ռուսաստանը փորձում է նույն կերպով ոչնչացնել Ուկրաինայի ինքնիշխանությունը,

 

մենք, Հայաստանի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներս.

 

վերահաստատում ենք մեր հավատարմությունը քաղաքակրթության ու ժողովրդավարության արժեքներին,

հայտարարում ենք, որ Հայաստանը` որպես արեւմտյան քաղաքակրթության ակունքին պատկանող ժողովրդավարական մշակույթ ունեցող երկիր, չի հանդուրժելու իր ինքնության կորստի ու ինքնիշխանության կլանման որեւէ բռնապետական նկրտում եւ իր ապագան բացառապես պատկերացնում է ներկայումս համախմբվող ժողովրդավարությունների ճամբարում` ձգտելով ինտեգրվել եվրաատլանտյան քաղաքակիրթ ազգերի ընտանիքում,

կենսական ենք համարում նաեւ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նախօրինակը եղած Մոսկվայի եւ Կարսի «ռուս-թուրքական եղբայրության» ապօրինի պայմանագրերի դատապարտումն ու դրանց հետեւանքների վերացումը եւ միջազգային իրավունքի հիման վրա Արցախի հարցի համապարփակ լուծումը,

Հայաստանի ներսում առանցքային նշանակություն ենք տալիս պետական տարբեր համակարգերում սովետական եւ վերջին տասնամյակների կոռուպցիոն ժառանգության եւ մտածողության հաղթահարմանը եւ ժամանակակից արդյունավետ պետական եւ հանրային ինստիտուտների ձեւավորմանը՝ այդ ուղղությամբ համակարգային, արմատական փոփոխությունների իրականացմամբ,

ելներով վերը նշվածից պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու ջանքեր գործադրել Հայաստանի ժողովրդավարական ուժերի համագործակցության եւ համախմբման ուղղությամբ՝ հասարակությանը ժողովրդավարական առաջադիմական միասնական այլընտրանք ներկայացնելու եւ երկբեւեռ, սեւ-սպիտակ քաղաքական արատավոր համակարգը ճեղքելու նպատակով:

 

Ազգային ժողովրդավարական բեւեռ

Ազգային ինքնորոշում միավորում

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Վանաձոր

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ

«Մոդուս Վիվենդի» կենտրոն

«Պրոարմենիա» հասարակական կազմակերպություն

Հարութ Քալաջյան, հասարակական գործիչ

Հրաչյա Արզումանյան, Ռազմական եւ ազգային անվտանգության խնդիրներով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր

Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ կանաչ ծրագրերի հեղինակ

Նինա Կարապետյանց, իրավապաշտպան

Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան

Սարո Սարոյան, քաղաքագետ

Քնարիկ Գարանֆիլյան, հասարակական գործիչ

 

Հայտարարությունը բաց է միանալու համար