ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ

731

Մարտի 4, 2022թ., Երեւան

2022թ. փետրվարի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, ինչին հետևեց մի քանի ուղղություններով ռուսական զինված ուժերի լայնածավալ հարձակումն Ուկրաինայի Հանրապետության վրա: Պատերազմական գործողություններն առայսօր շարունակվում են` դառնալով մեծ թվով մարդկային զոհերի, վիրավորների, փախստականների, բնապահպանական, տնտեսական և մշակութային աղետի, մի ամբողջ ծաղկուն պետության քայքայման պատճառ:

ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է պատերազմական գործողությունների սանձազերծումը:

Մենք՝ որպես մեր դեմ իրագործված հարձակողական պատերազմների հետևանքներին առայսօր առերեսվող ժողովուրդ, անընդունելի ենք համարում 21-րդ դարում միջազգային խնդիրներ լուծելիս ապավինումը պատերազմին, երբ միջազգային իրավունքն ու դիվանագիտական հարաբերությունները զարգացրել են անհրաժեշտ ողջ գործիքակազմը խնդիրները խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար: Այսօր տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմը չդատապարտելը պարարտ հող է ստեղծում անպատժելիության և նոր պատերազմների համար:

Անհրաժեշտ է օր առաջ գիտակցել, որ կատարվածն անդառնալի հարված է հարյուրամյակներ կողք կողքի ապրած երկու ժողովուրդների  հարաբերություններին, և գալիք սերունդները դա չեն ներելու: Ցանկացած ժողովուրդ արժանի է խաղաղ կյանքի ժողովրդավար և ինքնիշխան պետությունում:

Համոզված ենք, որ միջպետական և ազգամիջյան ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցություններով` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, այդ թվում` ազգերի ինքնորոշման սկզբունքին համապատասխան:

Ի հավելումն ուկրաինացի փախստականներին ապաստան տրամադրելու ՀՀ կառավարության կողմից արդեն արված հայտարարությանը` կոչ ենք անում նրան հետևել այն պետությունների օրինակին, որոնք սկսել են մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ստեղծված աղետը մեղմելու, քաղաքացիների առաջնային կարիքները հոգալու նպատակով:

Սույնով մեր ամուր և սրտանց զորակցությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին, մաղթում կորով և համբերություն և հույս տածում, որ մղձավանջը շուտով կավարտվի, և կվերահաստատվի խաղաղություն` հնարավորություն տալով ձեզ՝ շարունակելու կերտել ձեր ժողովրդավարությունը:

 

Ծանոթություն ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: