Ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ

2840

Քաղհասարակության առաջարկած ճանապարհային քարտեզը՝ Հայաստանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ

Ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքի, որի ընթացքում տրվել էր Հայաստանում ստեղծված իրավիճակի գնահատականը և առաջարկվել էին մի շարք միջոցառումներ, դրանց ամփոփման արդյունքում մշակվել է ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհային քարտեզ առաջիկա 3-6 ամիսների համար։

Ճանապարհային քարտեզի առաջարկ 2021 թթ․ հունվար 1 – մարտի 31 ժամանակահատվածի համար

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կառավարության, քաղաքական ուժերի ու քաղաքացիական կառույցների, ինչպես նաև հայկական Սփյուռքի բոլոր ուժերը և ռեսուրսները պետք է կենտրոնացվեն՝ երկիրը դուրս բերելու քաղաքական, տնտեսական, սոցիալական, հումանիտար և հոգեբանական ճգնաժամից։

Ստորև ներկայացվող միջոցառումները պետք է իրականացվեն առաջիկա երեքից-վեց ամիսների ընթացքում` անկախ ընտրական գործընթացներից։ Դրանց համակարգման համար հարկավոր է ստեղծել օպերատիվ շտաբ՝ առնչվող կառույցների ներկայացուցիչների ներգրավմամբ, իսկ արդյունքների մասին առնվազն շաբաթը մեկ, ըստ անհրաժեշտության՝ ավելի հաճախ ներկայացնել հրապարակային հաշվետվություն։ Նախաձեռնող խումբը հայտնում է իր պատրաստակամությունը՝ ձևավորել հանրային վերահսկողության օղակը և մասնակցել առանձին աշխատանքային խմբերի ստեղծմանը, ինչպես նաև գործնականում ներգրավվել դրանց աշխատանքներում։ Անհրաժեշտ է սերտորեն և ամենօրյա ռեժիմով համագործակցել համապատասխան ոլորտներում գործող հասարակական, գիտական, հետազոտական տեղական և միջազգային կառույցների և մասնագետների հետ։

Առաջիկա ամիսների համար ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզը պետք է ներառի առնվազն հետևյալ ուղղությունները և միջոցառումները։

  1. Հումանիտար հարցեր

1.1. Գերիներ և անհայտ կորածներ․ Արագացնել գերիների և անհայտ կորածների որոնումը և վերադարձը, մշակել առաջարկներ՝ ապագայում գերիների հնարավորինս արագ վերադարձի վերաբերյալ։ Գերիների խոշտանգումների հետ կապված ձեռնարկել միջազգային իրավական գործընթացներ։

1.2 Սոցիալական ապահովում․ Հայաստանում գտնվող և Արցախ վերադարձող անօթևան անձանց ապահովել կացարաններով և ողջամիտ ֆինանսական և այլ նյութական աջակցությամբ` երաշխավորելով, որ մինչև 2020 թվականի ավարտը ոչ ոք չի մնա առանց կացարան, իսկ մինչև 2023թ․ ավարտը՝ առանց մշտական կացարան։ Ըստ անհրաժեշտության՝ մշակել հատուկ հայեցակարգ՝ օգտագործելով նորարարական ֆինանսական և շինարարական մոտեցումներ, ապահովելով արագ և արդյունավետ գործընթացներ: Հնարավորություն ստեղծել տարհանվածների համար արտոնյալ կարգավիճակով (օրինակ՝ ազատելով հարկերից) աշխատել և զբաղվել փոքր բիզնեսով՝ ապահովելու իրենց առօրյա կարիքները։

1.3. Հոգեբանական աջակցություն․ Ապահովել պետական ֆինանսավորում և համակարգում պատերազմին մասնակցած և  պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով՝ այդ թվում՝ մոբիլիզացնելով համապատասխան մասնագետներ և կազմակերպություններ։

1.4 Հաշմանդամների վերականգնողական ծրագիր. Մշակել և ընդունել գործողությունների պլան, որով պետք է կազմակերպվի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական բուժումը և իրավունքների պաշտպանությունը։

1.5 Համավարակի կառավարում․ Ձեռնարկել միջոցներ կորոնավիրուսի` COVID-19-ի պոտենցիալ նոր ալիքի տարածումը, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու և զսպելու ուղղությամբ։

  1. Պաշտպանություն և անվտանգություն

2.1  Սահմանագծում և սահմանազատում (դեմարկացիա և դելիմիտացիա)․ Վերջ տալ սահմանամերձ շրջաններում ներկայումս ընթացող հակասական ու խնդրահարույց սահմանագծման և սահմանազատման հապշտապ գործընթացներին: Անկախ այն բանից, թե դրանք ինչպես են ներկայացվում՝ որպես ժամանակավոր, թե մշտական, տեխնիկական թե իրավական լուծումներ, ներկայումս իրականացվող գործընթացը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերին և կարող է ունենալ աղետաբեր և անդառնալի երկարաժամկետ հետևանքներ: Խորհրդային Միության փլուզումից ի վեր պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա երբևէ չի կատարվել, իսկ Խորհրդային Միությունում առկա էին միայն արհեստականորեն գծված ներքին վարչա-տարածքային  սահմաններ, որոնք էլ իրենց հերթին բազմիցս փոփոխվել են տարբեր տարիների: Այս հանգամանքները հաշվի առնելով՝   44 օրյա պատերզմի ավարտից մինչ այժմ իրականացված սահմանազատման/սահմանագծման գործողություններն անհրաժեշտ է դիտարկել բացառապես որպես ժամանակավոր իրավիճակային լուծում՝ զինադադարն ապահովելու նպատակով, և բացառել դրանց իրավական ամրագրումն ու սահմանների ճանաչումը բանավոր հայտարարության կամ գրավոր փաստաթղթի տեսքով: Անհրաժեշտ է առաջնահերթ կերպով ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով և դրան կից՝ փորձագետների խումբ (իրավաբաններ, մասնավորապես՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետներ, պատմաբաններ, աշխարհագրագետներ, գեոդեզիստներ, քարտեզագրողներ, տնտեսագետներ, ժողովրդագրագետներ, ռազմագետներ, դիվանագետներ, ջրաբաններ և այլն) և հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ ուսումնասիրություն իրագործելուց հետո սկսել միջկառավարական բանակցություններ Ադրբեջանի հետ, ըստ անհրաժեշտության՝ միջազգային, օրինակ` Մինսկի Խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների միջնորդությամբ, հստակեցնելու պետությունների միջև սահմանները՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու ստանդարտները։ [1]

2.2    Բանակ․ Ստեղծել միջգերատեսչական փաստահավաք խումբ, այդ թվում՝ առնչվող անվտանգության հարցերում ներգրավված հասարակական կառույցների մասնակցությամբ՝ վեր հանելու և հստակեցնելու բանակի ձախողումների արմատական պատճառները, առնչվող խնդիրները և կարիքները (պատերազմից առաջ, ընթացքում և հետո), այդ թվում՝ զինատեսակների, տեխնիկական զինվածության և ենթակառուցվածքների վիճակի, մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպման, բանակում զինծառայողների ծառայության համար պատշաճ պայմանների և նրանց իրավունքների ապահովման առումով, և ներկայացնելու բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ տեխնոլոգիական և կառավարչական արդիականացման տեսակետից։ Հաշվի առնելով տարածաշրջանի ներկայիս լարվածությունը, ինչպես նաև հակամարտության հնարավոր շարունակությունը՝ բանակը, ինչպես նաև մոբիլիզացիոն ռեսուրսը, պարենային և ոչ պարենային, ծառայության պայմանների և մարդու իրավունքների ապահովումը, սպառազինությունը, ռազմարդյունաբերությունը, տեխնիկական և ենթակառուցվածքային ապահովումը շուտափույթ բերել պատրաստվածության պատշաճ մակարդակի, ամրակայել և վերազինել առաջնագիծը և գործընթացի մասին պարբերական հաշվետվություն ներկայացնել ձևավորված հատուկ աշխատանքային խմբին։

2.3 Աշխարհազոր․ Արագացնել աշխարհազորի ձևավորման և կազմակերպական աշխատանքները՝ ներդնելով հնարավորինս արդյունավետ ու գործուն մեխանիզմներ՝ հաշվի առնելով վերջին պատերազմի փորձը, միջազգային հաջողված մոդելները, տեղական առանձնահատկությունները․ կազմակերպել սահմանամերձ գոտիների բնակչության զինումը՝ սեփական բնակավայրերի ինքնապաշտպանությունն ապահովելու նպատակով։ Մշակել ու գործարկել մեխանիզմներ՝ ապահովելու սահմանամերձ համայնքների բնակիչների, այդ թվում՝ կանանց, զբաղվածությունը պաշտպանության և ինքնապաշտպանության գործում թե՛ կազմակերպչական և վերապատրաստման, թե՛ պաշտպանական տեխնիկական միջոցների ապահովման առումով։

2.4  Քաղաքացիական պաշտպանություն․ Հաշվի առնելով բազմաթիվ բնակավայրերի սահմանամերձ դառնալը, ինչպես նաև՝ առհասարակ ՀՀ բնակչության պաշտպանվածության և իրազեկվածության ցածր մակարդակը՝ ձեռնարկել  շուտափույթ քայլեր օրենքով սահմանված քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ ապահովելով ազդարարման և արագ արձագանքման համակարգերի կարգավորում, ինժեներական պաշտպանական շինությունների և ապաստարանների կառուցում կամ վերականգնում, բնակչության անհատական պաշտպանության միջոցների անհրաժեշտ պաշարների ստեղծում, հանրային կառույցների (օրինակ՝ բուժհաստատություններ, կրթական հաստատություններ,, համայնքապետարաններ) նախապատրաստում՝ բերելու դրանք լիովին պատրաստվածության վիճակի՝ պատրաստ լինելու տարհանման առիթ հանդիսացող բոլոր հնարավոր սցենարներին և ունենալու դիմակայունությունը փաստացի գնահատող ամբողջական քարտեզագրում, կարևոր նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացում, բնակչության իրազեկում և նախապատրաստում՝ պաշտպանության կանոնների և միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ ապահովելով որակյալ իրազեկվածությունը և անհրաժեշտ հմտությունների ձեռք բերումը կրթական հաստատություններում։

2.5    Տեղեկատվական անվտանգություն․ Հաշվի առնելով տեղեկատվական պատերազմի միջոցով արտաքին և ներքին ուժերի կողմից իրականացվող քարոզչությունը և հոգեբանական գործողությունները, տեղեկատվական համակարգերի թիրախավորումն ու խոցումը պատերազմի ընթացքում, պետական գաղտնիք ու անձնական տվյալներ պարունակող տեղեկատվության ձեռքբերումը հակառակորդի կողմից, ինչպես նաև այն, որ Հայաստանի ներսում ապատեղեկատվության ահագնացող մասշտաբները, դրա հետևանքով հասարակության հետագա բևեռացումն ու խոցելիության բարձրացումը դարձել են սպառնալիք ազգային անվտանգության համար՝  իրականացնել հասարակության իրազեկվածության և մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված հրատապ միջոցառումներ և առավել երկարաժամկետ ու համապարփակ ծրագրի նախապատրաստում: Ապատեղեկատվության հանդեպ դիմադրողականությունն ու անխոցելիությունը բարձրացնելու և ապատեղեկատվության աղբյուրներն արագ բացահայտելու ու չեզոքացնելու նպատակով կազմակերպել հեռահաղորդակցության և կիբերանվտանգության իրավիճակի գնահատմանն ու բարելավմանն ուղղված գործողությունների հստակեցում, կառավարման մարմինների կողմից ռազմավարական հաղորդակցության մշակմանն ու իրագործմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում՝ ձգտելով պահպանել անվտանգության և խոսքի ազատության, մարդու իրավունքների և հանրային շահի ապահովման բալանսը և կանխելով հաղորդակցության օգտագործումը որպես պրոպագանդայի գործիք։

  1. Դիվանագիտություն

3.1  Նպատակադրում․ Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով պաշտոնապես և հրապարակային հստակեցնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական  դիրքորոշումը և նպատակները Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունների հարցում, այն է՝

ա/ մարդիկ – Արցախի բնիկ հայ բնակչության՝ իր պատմական հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու  իրավունքի իրացում, անվտանգության և այլ իրավունքների ապահովում։ Այդ նպատակով՝ պետք է հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման «անջատում՝ հանուն փրկության» կամ «ճանաչում՝ հանուն փրկության» վերականգնողական իրավունքի սկզբունքի և Կոսովոյի, Արևելյան Թիմորի ու Հարավային Սուդանի նախադեպերի հիման վրա՝ ԽՍՀՄ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության (ԼՂԻՄ) սահմաններով տարածքում: Այս սկզբունքը գործարկելու համար անհրաժեշտ կլինի ստեղծել երաշխիքներ՝ հայ փախստականների վերադարձի համար Շահումյանի շրջան, Գետաշեն, Մարտունաշեն ու մյուս հայկական բնակավայրեր, ադրբեջանցի փախստականների վերադարձի համար՝ Արցախում իրենց բնակության նախկին վայրեր, այդ թվում՝ Շուշի, ապահովել Հայաստանի և Արցախի միջև անվտանգ ու անխափան միջանցքը, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժն այդ միջանցքով և անխոչընդոտ մուտքը Արցախ և Արցախի  բնակչության անվտանգությունը՝ տեղական պաշտպանության ուժերով, Հայաստանի պաշտպանության ուժերի աջակցությամբ, ռուս և, հնարավորության դեպքում, նաև եվրոպական չեզոք երկրների խաղաղապահների մասնակցությամբ․

բ/ հուշարձաններ – ԼՂԻՄ-ի տարածքում և դրանից դուրս  ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման երաշխիքների ստեղծում, այդ թվում՝ դիտարկելով դեմարկացիայի ու դելիմիտացիայի միջոցով տարածքների փոխանակումը, պահպանման ենթակա կարգավիճակն ու պահպանման ռեժիմը, այդ թվում՝ այցելությունների անվտանգության երաշխիքների ապահովմամբ․

գ/ ջրային ռեսուրսներ – Խաղաղապահ ուժերի տեղակայում ջրագոյացման գոտիներում, մասնավորապես՝ Հայաստանում՝ Որոտանի և Արփայի ձախ վտակի, իսկ Արցախում՝ Թարթառի ակունքներում, միաժամանակ իրականացնելով բանակցություններ, որպեսզի հետագա պաշտոնական սահմանազատման ու սահմանագծման արդյունքում այդ տարածքներն անցնեն Հայաստանի կամ Արցախի վերահսկողության ներքո․

դ/ ճանապարհներ – Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոճանապարհի վերաբերյալ բանակցությունների վարում վերջին հերթին՝ ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը, հաշվի առնելով այլընտրանքային տեխնոլոգիական և տնտեսական լուծումները (օրինակ՝ էստակադա, ճանապարհի տուրք) և հավաստիանալով ճանապարհների անվտանգության ու դրանց կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտելու մեջ։

3.2  Բանակցային գործընթացի վարում․ Հանրության առջև բացահայտել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ընթացած բանակցությունների, այդ թվում՝ բանավոր պայմանավորվածությունների ողջ բովանդակությունը։ Հաշվի առնելով բանակցային գործընթացի առանցքային նշանակությունը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման տեսանկյունից, բանակցությունների երկարատև լինելու հավանականությունը, դրանց վարման միանձնյա պատասխանատվության խոցելիությունը և առաջիկա ընտրություններից հետո հնարավոր քաղաքական փոփոխությունների պայմաններում կայուն, հետևողական ու արդյունավետ աշխատանք ապահովելու անհրաժեշտությունը՝ ձևավորել բանակցային խումբ (3-5 հոգի), իսկ դրան կից՝ նաև փորձագիտական խումբ (ներգրավելով փորձառու տեղացի և միջազգային դիվանագետների, միջազգային իրավունքի և անվտանգության մասնագետների, կոնֆլիկտաբանների, հակամարտությունների լուծման գործընթացներում մասնակցած, միջազգային կազմակերպություններում փորձառություն ունեցող մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների, մշակութաբանների, հուշարձանագետների, ջրաբանների)՝ Հայաստանի շահերը բազմակողմանիորեն ներկայացնելու և արդյունավետ բանակցություններ վարելու, ինչպես նաև՝ բանակցություններում հայկական կողմի հետևողականության, քայլերի տրամաբանական շարունակականությունը  ապահովելու նպատակով՝ անկախ ներքաղաքական գործընթացներից։

3.3  Արդյունավետ բանակցությունների հիմքերի ապահովում․ Ապահովել պատերազմական հանցագործությունների պատշաճ քննություն և ձևավորել հնարավորինս ամբողջական, պրոֆեսիոնալ ու միջազգային դատավարությունների ստանդարտներին համապատասխան փաստագրական ու իրավական բազա՝ Հայաստանի և Արցախի դիրքերը միջազգային դատական և կիսադատական մարմիններում ներկայացնելու համար: Կիրառության մեջ դնել միջազգային համաձայնագրերով նախատեսված իրավական ողջ գործիքակազմը, այդ թվում՝ դիմում-բողոքների ինտենսիվ ներկայացումը համապատասխան միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ, ՆԱՏՕ, ԱՊՀ, ՀԱՊԿ, առկայության դեպքում՝ դրանց խորհրդարանական վեհաժողովներ և այլն), ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Եվրախորհրդի  դատական և կիսադատական  մարմիններին: Ուժեղացնել դիվանագիտական ներկայացվածությունը առանցքային միջազգային կենտրոններում (Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Նյու Յորք, Բրյուսել, Ստրասբուրգ, Ժնև, Լոնդոն, Պեկին, Բեռլին, Դելի, Թբիլիսի, Թեհրան, Թել Ավիվ, Մինսկ, Հռոմ, Ստոկհոլմ, Կահիրե, Աբու Դաբի, Լատինական Ամերիկա, Ասիա, Աֆրիկա) և իրականացնել լայնածավալ աշխատանք՝ կուռ արտաքին քաղաքականության շուրջ։ Ակտիվորեն գործարկել խորհրդարանական դիվանագիտությունը և համակարգել հանրային դիվանագիտությունը, այդ թվում՝ մոբիլիզացնելով Հայաստանի և սփյուռքի կազմակերպություններին և անհատներին, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ ու անձնական կապերը։

3.4  Փախստականների վերադարձ․ Ստեղծել հանձնաժողով (ներգրավելով միջազգային իրավունքի և հումանիտար հարցերի մասնագետներ, պատմաբաններ, ժողովրդագրագետներ, ազգագրագետներ և այլն) ուսումնասիրելու/ճշգրտելու արցախյան երկու պատերազմների հետևանքով ԼՂԻՄ-ից, Շահումյանի շրջանից Գետաշենից, Մարտունաշենից և հարակից մյուս հայկական բնակավայրերից տեղահանված հայերի ցանկերը կազմելու/ճշգրտելու և մտադրությունները հասկանալու, ինչպես նաև՝ ԼՂԻՄ տարածքում բնակված ադրբեջանցիների և ադրբեջանական բնակավայրերի ցանկերը՝ նրանց հնարավոր վերադարձը Արցախի Հանրապետություն ճիշտ սկզբունքների վրա դնելու և շահարկումներից խուսափելու նպատակով:

3.5 Մշակութային ժառանգության պահպանություն․ Ստեղծել պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային անշարժ և շարժական հուշարձանների, թանգարանային հավաքածուների ամբողջական ցանկ, հավաքագրել հուշարձանների հանդեպ իրականացված վանդալիզմի հայտնի դեպքերի վերաբերյալ տվյալները։ Կազմել հանձնաժողով միջազգային իրավունքի փորձառու մասնագետների մասնակցությամբ, որը կզբաղվի հավաքագրված տվյալների հիմքով հայ մշակութային ժառանգության պահպանությանն ու իրականացված վանդալիզմի դատապարտմանն ուղղված իրավական գործընթացներով՝ դիմում-բողոքներ հասցեագրելով հեղինակավոր միջազգային մշակութային կազմակերպություններին ու իրավունքի պաշտպանության ատյաններին։ Հատուկ ջանքեր գործադրել՝ կանխելու UNESCO-ի կողմից տարվող ադրբեջանամետ կողմնակալ քաղաքականությունը՝ պայմանավորված Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ UNESCO-ի Բարի կամքի դեսպանի կարգավիճակով և նրա կողմից համապատասխան լծակների օգտագործմամբ։ Գործադրել ջանքեր՝ միջազգային անկախ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը կունենա վերահսկող գործառույթ և պարբերական այցերով մոնիտորինգի կենթարկի հուշարձանների վիճակը։

3.6 Խաղաղապահություն․ Բարձր գնահատելով հանդերձ ռուս խաղաղապահ ուժերի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման և խաղաղության հաստատման գործում, կարևոր է հստակեցնել ռուս խաղաղապահների առաքելության իրավական կարգավիճակը, իրավասությունները և պարտականությունները, ապահովել անհրաժեշտ իրավական փաստաթղթերին Հայաստանի և/կամ Արցախի իշխանությունների ստորագրությունն ու վավերացումը, հարաբերությունները տեղի բնակչության հետ, հաշվետվողականությունը, Հայաստանի ու Արցախի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ կապված հարցերը։ Հարկ է նկատել, որ զինադադարից ի վեր Ադրբեջանին հանձնվեցին այնպիսի տարածքներ (Դիզափայտ, Խծաբերդ, Հին Թաղեր), որոնք զինադադարի պահին գտնվում էին Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։ Խաղաղապահների ներկայությունը չբացառեց ռազմական գործողությունները դեկտեմբերի 11-12-ին, որի հետևանքով հայկական զինված ուժերը ենթարկվեցին ադրբեջանական զինուժի հարձակումների,  ունեցան զոհեր, վիրավորներ, ինչպես նաև նշանակալի թվով նոր գերեվարվածներ։ Այդուհանդերձ, կարևոր է երաշխավորել խաղաղ հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂԻՄ, այդ թվում՝ այն բնակավայրեր, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո, սակայն սահմանամերձ են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներին, հայ բնակչության մուտքը Շուշի և Հադրութ՝ վերցնելու իրենց գույքը կամ թանգարաններում թողնված նմուշները։ Անհրաժեշտ է Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների միջոցով աշխատել խաղաղապահ առաքելությունը նաև այլ երկրների, մասնավորապես եվրոպական չեզոք պետությունների խաղաղապահ ուժերով համալրելու ուղղությամբ, ընդ որում՝ ԼՂԻՄ շրջակա 7 շրջաններում ևս դրանց տեղակայմամբ՝ հատկապես հաշվի առնելով պատերազմում ներգրավված ահաբեկչական խմբերի ներկայացուցիչներով այդ տարածքների բնակեցման պլանները։ Օգտվելով ԵԱՀԿ Շվեդիայի նախագահության շրջանի մեկնարկից՝ հանդես գալ նոր նախաձեռնությամբ՝ բանակցել և հասնել Մինսկի խմբի անդամ երկրները ներկայացնող (բացի Թուրքիայից) մոնիտորինգային կենտրոնի հիմնադրմանը Արցախում։

  1. Ժողովրդավարություն

4.1 Քաղաքական դաշտի առողջացում․ ՀՀ կառավարման մեջ նոր ուժերի ներգրավումը դարձել է հրամայական՝ երկրի պետականության և քաղաքացու արժանապատիվ կյանքի շարունակականության երաշխավորման համար։ Միաժամանակ, պետք է ընդգծել, որ կառավարության հրաժարականին ուղղված ցանկացած գործընթաց, որին պետք է անմիջապես հաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, պետք է տեղի ունենա ՀՀ օրենքի գերակայության պահպանմամբ, ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում:

Հաշվի առնելով արտահերթ ընտրությունների հավանականությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեեշտ է ընդունել փոփոխություններ ու լրացումներ Ընտրական օրենսգրքում, մասնավորապես՝ երաշխավորելու ամբողջությամբ համամասնական ընտրակարգ, կուսակցությունների և քարոզչության ֆինանսավորման թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն, կուսակցությունների գաղափարախոսությունների առավել կարևորում, ընտրախախտումների պատշաճ բացահայտում և պատասխանատվություն։

4.2  Ընտրակեղծարարության բացառում․ Դատաիրավական համակարգի ուղղությամբ ձեռնարկել առնվազն այնպիսի միջոցառումներ, որոնք կխթանեն ընտրական գործընթացներում իրավախախտումների բացահայտումն ու դատապարտումը և կբացառեն ընտրակեղծարարությունը։

4.3  Քաղաքացիական հասարակության պաշտպանություն․ Ձեռնարկել միջոցառումներ մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների ու ակտիվ հանրային գործիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռնարկել քայլեր կազմակերպությունների, դրանց ներկայացուցիչների և անհատ հասարակական գործիչների միտումնավոր թիրախավորման ու հետապնդման մեջ ներգրավված և նրանց նկատմամբ ատելության խոսք տարածող անձանց ու խմբերին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

  1. Հանրային համերաշխություն

5.1  Հաղորդակցության վերականգնում հանրության հետ․ Գործարկել մի կողմից ԱԺ-ի և կառավարության և մյուս կողմից` ՄԻՊ-ի, քաղաքացիների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի (այդ թվում՝ արցախահայ և սփյուռքահայ) հաղորդակցության բոլոր հնարավոր խողովակները՝ ընդունելության ժամեր, հանդիպումներ, մասնակցություն քննարկումներին, հաշվետվողականության միջոցառումներ, բրիֆինգներ, համատեղ աշխատանք աշխատանքային խմբերում, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում, քննարկումներ հանրային/հասարակական խորհուրդներում, խորհրդարանական լսումներ և այլն։ Հանրային հեռուստատեսությունն ի սպաս դնել հասարակական համերաշխության վերականգնման նպատակով՝ հատուկ հաղորդաշարերի միջոցով, այդ թվում՝ պետական մարմիններին տրամադրելով հարթակ՝ ապահովելու հաշվետվողականությունը ճգնաժամային կառավարման արդյունքների վերաբերյալ և ստեղծելու ու արմատավորելու նոր մշակույթ, որը երկու կողմերի միջև իրական բանավեճը կդարձնի քաղաքական պրակտիկա և աստիճանաբար վերջ կդնի հեռավար մենախոսություններին ու փոխադարձ մեղադրանքների հնչեցմանը:

5.2  Հանցագործությունների բացահայտում․ Բացահայտել պատերազմի ընթացքում տեղի ունեցած արատավոր երևույթները, մասնավորապես՝ նրանք, որոնք հաճախ հրապարակային տարբեր ուժերի կողմից պիտակավորվում են որպես «դավաճանություն», ավարտին հասցնել քրեական գործերի և դատական վարույթների հարուցումը՝ ձգտելով, որ մինչև արտահերթ ընտրությունները արցախյան պատերազմում պարտությանն առնչվող իրավիճակն առավել հասկանալի դառնա հանրության համար և նախընտրական քարոզարշավը չվերածվի քաղաքական ուժերի կողմից «դավաճանի» պիտակով միմյանց անհարկի այպանելու արշավների։

[1] Delimitation and Demarcation of State Boundaries: Challenges and Solutions | OSCE (2017)