Հունիսի 10, 2022թ․, Երեւան
Տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության և տնտեսության վրա» խորագրով կոնֆերանսը, որի նպատակը ԱլԳ տարածաշրջանի վրա ուկրաինական պատերազմի ուղղակի և անուղղակի ազդեցությունների մասին քննարկում ծավալելն էր՝ Հայաստանից, ԱլԳ մյուս երկրներից և Եվրամիությունից բանախոսների ներգրավմամբ։
Կոնֆերանսը բացեց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը` կարևորելով Հայաստանում առաջին անգամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային նվիրված համաժողովի կազմակերպումը: Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նա ներկայացրեց Եվրամիության դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ, ինչպես նաև նշեց, թե ինչ է անում պաշտոնական Բրյուսելը պատերազմը կանգնեցնելու, Ուկրաինայի բնակչության առջև ծառացած հումանիտար խնդիրները լուծելու, ինչպես նաև աշխարհի մասշտաբով պարենային ճգնաժամը կանխարգելելու ուղղությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև կոնֆերանսին մասնակցող Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, ով խիստ քննադատության ենթարկեց Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ: Կոնֆերանսը ողջունեց և բեղմնավոր աշխատանք մաղթեց նաև Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոոմովը:
Հիբրիդային ֆորմատով անցկացվող թեմատիկ երեք նիստերի ընթացքում (1. Ուկրաինական պատերազմի ազդեցությունն ԱլԳ տարածաշրջանի վրա․ ուղղակի և անուղղակի հետևանքներ, 2. Անվտանգության սպառնալիքների հաղթահարման ուղիները և տնտեսական հեռանկարները Հարավային Կովկասում՝ Ուկրաինայում պատերազմի լույսի ներքո, 3. Տեղեկատվական պատերազմներ) ելույթներով հանդես եկան ԵՄ և ԱլԳ երկրներից (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա) փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների և հայաստանյան քաղհասարակության այլ ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի առաջին նիստին, որը վարում էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, «Գլոբալ և տարածաշրջանային զարգացումները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով իրենց դիտարկումները ներկայացրին Երևանից Ստեփան Սաֆարյանը (Միջազգային և անվտանգային հետազոտությունների հայկական ինստիտուտի տնօրեն) և Կիևից՝ առցանց, Վերոնիկա Մովչանը (Ակադեմիական տնօրեն, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Տնտեսական հետազոտությունների և քաղաքականության խորհրդատվության ինստիտուտ, Ուկրաինա):
«Եվրամիության ջանքերը՝ ի աջակցություն Ուկրաինայի․ արդյունքներ» թեմայով առցանց հանդես եկավ Ուկրաինայի աջակցության խմբի քաղաքականության համակարգող, ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) ներկայացուցիչ Մարտին Մյուհլեքը։ «Պատերազմ Ուկրաինայում. ազդեցությունը Վրաստանի վրա» թեման ներկայացրեց Բեկա Բաջելիձեն (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասի տարածաշրջանի տնօրեն, Վրաստան, առցանց)։ «ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի պատերազմի ֆոնին. հետևանքներ Վրաստանի համար» թեմայով առցանց հանդես եկավ Շոթա Կակաբաձեն (բ.գ.թ., քաղաքականության կրտսեր վերլուծաբան, Վրաստանի Քաղաքական ինստիտուտ)։ «Պատերազմ Ուկրաինայում. ազդեցությունը Մոլդովայի վրա» թեմայով առցանց հանդես եկավ Յուլիան Գրոզան՝ Մոլդովայի Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի (IPRE) գործադիր տնօրենը։
Կոնֆերանսի հաջորդ՝ «Անվտանգության սպառնալիքների հաղթահարման ուղիները և տնտեսական հեռանկարները Հարավային Կովկասում՝ Ուկրաինայում պատերազմի լույսի ներքո» խորագրով նիստը վարում էր «Իրավունքի Եվրոպա միավորոմ» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը հանդես եկավ «Արևելյան գործընկերության ապագան ուկրաինական պատերազմից հետո» թեմայով բանախոսությամբ։
«Ուկրաինական պատերազմի ազդեցությունն արցախյան սրացումների վրա» թեման ներկայացրեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Կարևոր մեկ այլ թեմա՝ «Հումանիտար աղետ Ուկրաինայում. պատերազմի՝ մարդու իրավունքների չափումը» ներկայացրեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։ «Ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքներն ԱլԳ տարածաշրջանի վրա» թեմայով խոսեց ՀԱՊ ԱԽ2 համակարգող, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախագահ Թաթուլ Մանասերյանը։ Տնտեսական հարցերը քննարկվեցին այլ դիտանկյունից ևս. «Հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության հեռանկարները» թեմայով ելույթ ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Կոնֆերանսի երրորդ՝ «Տեղեկատվական պատերազմներ» խորագրով նիստը վարում էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը։
Այս նիստի ընթացքում Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը ներկայացրեց «Մեդիա մանիպուլյացիաներն արցախյան և ուկրաինական պատերազմների ժամանակ» թեման։ «Տեղեկատվական անվտանգությունը՝ գլոբալ հիմնախնդիր» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախագահ Արթուր Պապյանը։
Բոլոր նիստերի ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան և ծավալվեց ակտիվ քննարկում մասնակիցների և բանախոսների միջև:
Համաժողովի օրակարգը կարող եք տեսնել այստեղ:
[:]