Սեպտեմբերի 29, 2021թ., Երեւան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հրավերով Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ եւ հանդես եկավ Հայկական շահերի պաշտպանության հարցերին նվիրված զեկույցով: Զեկույցից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան. մասնակիցներին առավելապես հետաքրքրում էին հայկական լոբբինգին եւ Հայաստանի առաջիկա անելիքներին վերաբերող հարցերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը իրականացվել է 2021 թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը:
Ծրագիրը կազմակերպվել է առաջին անգամ և նպատակ ունի աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, ովքեր ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման ուղղությամբ, ինչպես նաև ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։
Ծրագիրը մեկամյա է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ: Նախագիծը ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր, հանդիպումներ, այցելություններ Հայաստանում և Արցախում, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, բարձրացնել իրենց տեղեկացվածության մակարդակը հայկական իրականության, ներկայիս առաջնահերթությունների և խնդիրների վերաբերյալ, հասկանալ Սփյուռքի դերը դրանց իրագործման և հաղթահարման գործընթացներում:
Մասնակիցները Հայաստանում գտնվեցին 2 շաբաթ, մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է Հայրենիքում ստացված գիտելիքի հիման վրա՝ իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես` տեղի և միջազգային լրատվամիջոցներում Հայաստանի վերաբերյալ մեդիա կոնտենտների հրապարակումներ, համայնքային հանդիպումներ, իրազեկում հայրենադարձության ընթացակարգերի և պետության կողմից իրականացվող ծրագրերի մասին և այլն։
Մասնակիցները 22-35 տարեկան են՝ աշխարհի 17 երկրից՝ Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Լիբանան, Իսրայել, Շվեդիա, Ֆրանսիա, Անգլիա, Իսպանիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս: Նրանք համայնքների ակտիվ ներկայացուցիչներ են՝ համայնքի և երիտասարդական կառույցների ղեկավարներ, ատենապետներ, դպրոցների տնօրեններ, ծրագրերի ղեկավարներ, մասնագիտությամբ՝ քաղաքագետներ, միջազգայնագետներ, կրթական գործի մասնագետներ, իրավագետներ, սոցիալական աշխատողներ, այլ:
Ընտրված երիտասարդները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի երիտասարդ դեսպաններ՝ համայնքային գործիչներ, ովքեր կներկայացնեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ հանդես գալով որպես կապող օղակ Հայրենիքի և համայնքների միջև։