Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են[:]

2273

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21 մարտի 2021թ․

2020թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Թեև հայտարարությունը չի անդրադառնում ընտրական օրենսդրությանը, սակայն շրջանառվում է թեզը, որ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքական ուժերին և ընտրական համակարգին անհրաժեշտ է 6 ամիս ժամանակ՝ նոր կանոններով ընտրությունների պատրաստվելու համար, հետևաբար՝ առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքով։ Միաժամանակ, նշվում է, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների համար անհրաժեշտ է «կոնսենսուս» Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների միջև։

Վերոնշյալ երկու թեզերը բխում են Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների վերաբերյալ լավ պրակտիկայի կանոնագրքի» դրույթներից, սակայն երկուսն էլ մեջբերվում են ձևապաշտական մոտեցումով և մեկնաբանվում հայեցողաբար։ Այս առնչությամբ՝ հարկ է արձանագրել հետևյալը.

  1. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար առաջարկվող ժամկետն անհրաժեշտ է ընտրական օրենսդրության կայունության, այդ փոփոխությունների կանխատեսելիության ու նոր կանոններով ընտրություններին նախապատրաստվելու առումով։

Կարևոր է հիշել, որ Ընտրական օրենսգրքի առավել արմատական փոփոխությունները եղել են 2018թ. հեղափոխության մասնակից ժողովրդական լայն զանգվածների օրակարգային առաջնահերթությունը, ինչով պայմանավորված՝ դրանց վերաբերյալ քաղաքական քննարկումներ են սկսել ծավալվել դեռևս 2018 թվականի ամառվանից և ձեռք են բերվել որոշ փոխադարձ համաձայնություններ, թեև դրանք չի հաջողվել ընդունել տվյալ տարվա վերջին կայացած ընտրություններից առաջ: Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ ներկայում առաջարկվող փոփոխություններն էլ, իրենց հերթին, բազմիցս՝ 2020 թվականի օգոստոսից սկսած, ներկայացվել և քննարկվել են շահագրգիռ հանրության շրջանակներում՝ աննախադեպ ներառական և թափանցիկ գործընթացներով:

Բացի այդ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է, որ փոփոխվող դրույթներն ուժի մեջ են մտնում աստիճանաբար: Այսինքն, առավել արմատական և քաղաքական փոփոխություններն՝ անմիջապես, իսկ ընտրական համակարգի նախապատրաստում պահանջող լրացուցիչ տեխնիկական ու ընթացակարգային պահանջները՝ ժամանակի ընթացքում։

Եվ վերջապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական խորը ճգնաժամ է, որի պայմաններում լավագույն պրակտիկաներին առնչվող ընդհանրական խորհուրդները չեն կարող անբեկանելի համարվել: Առավել ևս այդպիսի նախադեպ Հայաստանում արդեն եղել է 2018 թվականին, երբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրախախտումներին առնչվող դրույթները ընդունվել և ուժի մեջ են մտել սեպտեմբերի 7-ին՝ անմիջապես Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, իսկ 2018թ․ հոկտեմբերի վերջին քվեարկության էր դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Փոփոխությունները չընդունվեցին, սակայն ինքնին դրանց ներկայացնելու և ընդունումից անմիջապես հետո ընտրություններ անցկացնելու հեռանկարի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել որևէ բացասական անդրադարձ:

  1. Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջև «կոնսենսուսի» հասնելու անհրաժեշտության մասին պնդումներին, հարկ է արձանագրել, որ ներկայիս ժամանակահատվածում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կոնսենսուսը հնարավոր չէ հենց քաղաքական պատճառներով, քանի որ որոշ կուսակցություններ նախընտրում են իշխանության հասնել ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իսկ ուրիշները՝ փողի, քրեական ազդեության կամ վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով: Գործող օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխանական լծակներին այդ վերջին ճանապարհով հասնելու, հետևաբար Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումը՝ դիրքորոշում է նաև այդ երևույթների հանդեպ:

Իրականում, Հայաստանի Հանրապետությունում առկա է շատ ավելի լայն՝ ժողովրդական, քաղաքացիական ու քաղաքական զանգվածների համակողմանի կոնսենսուս Ընտրական օրենսգիրքը փոխելու առումով: Սրա մասին վկայում է, այն, որ.

  1. ընտրողների լայն զանգվածների և քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջը դրսևորվել է 2018թ. հեղափոխության օրերին,
  2. Ընտրական օրենսգրքի կարևորագույն կետերի (օրինակ՝ ընտրակարգ, անցումային շեմ, մանդատների բաշխում և կոալիցիաների ձևավորման ժամկետներ) շուրջ արդեն իսկ կայացել են քաղաքական քննարկումներ 2018թ.-ին, և ստացվել է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համաձայնությունը,
  3. Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված՝ վերջին ներկայացուցչական սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևորվում է Հայաստանի բնակչության 74 տոկոսի կողմից, [1]
  4. Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջին միացել են 30-ից ավել կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ,
  5. արտահերթ ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխություններով իրականացնելը կարևորագույն խնդիր են համարում գաղափարախոսությունը կարևորող կուսակցությունները: [2]

 

Սույնով վերահաստատում ենք 2021թ․ մարտի 16-ի մի շարք կազմակերպությունների կողմից արտահայտված դիրքորոշումը, և արձանագրում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելը հիմնականում կախված է իշխող կուսակցության քաղաքական կամքից, պետության ու սեփական ժողովրդի առաջ պատասխանատվությունից և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմությունից:

 

Հայտարարությանը բաց է։ Միանալու համար խնդրում ենք լրացնել հասարակական կազմակերպության տվյալներն այստեղ։

 

«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Ուղղակի ժողովրդավարություն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

[1] https://www.iri.org/sites/default/files/final_for_publication_armenia_electoral_reform_march_8_2021.pdf

[2] http://www.anc.am/?p=3092; https://a1plus.am/hy/article/396386