Ամառային դպրոց Հայաստանի մարզային երիտասարդության համար տեղական ինքնակառավարման թեմայով

1843

26-31 օգոստոսի, 2020թ, Աղվերան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը, ամփոփելով «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում անցկացված 18 աշխատաժողովներն ու վեբինարները, անցկացրեց հնգօրյա ամառային դպրոց բոլոր մարզերից եկած 23 երիտասարդների համար:
Ծրագիրն իրականացվու է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ։ Դրա նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ – 4 ձեւաչափի: Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 433 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ գյուղական վայրերից։ Նրանից 295-ը մասնակցեցին կենդանի աշխատաժողովներին, իսկ 138-ը՝ վեբինարներին։
Ամառային դպրոցն անցավ «Արթուրս Աղվերան ռեզորթ» հյուրանոցային համալիրում ս․թ․ օգոստոսի 26-31-ը եւ նպատակ ուներ զարգացնել Հայաստանի մարզերի երիտասարդության կարողությունները ՏԻՄ ոլորտում: Միջոցառման բացմանը մասնակիցներին ողջույնի խոսքով առցանց դիմեց Հայաստանում Չեխիայի հանրապետության փոխդեսպան Յան Պլեսինջերը, ով նաեւ կիսվեց նրանց հետ ՏԻՄ ոլորտում երիտասարդության ներգրավման չեխական փորձով։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Տեղական ժողովրդավարության զարգացման հեռանկարը Հայաստանում» թեմայով, որի բանախոսներն էին Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը,
ՀՀ կառավարության Տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը (Շիրակի մարզ), ԵԽ տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին։

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ամառային դպրոցում տեղ գտած որոշ դասընթացներ ներկայացված են այստեղ։

Երիտասարդներին ավարտական հավաստագրերի հանձնման եւ փակման արարողությունը կարող եք դիտել այս տեսահոլովակում։

—————————————————————————————————
Ծրագրի իրականացման գործում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ գործընկերներն են․
— Հայաստանի համայնքների միությունը,
— «Ռազմավարական հետազոտություններ» հետազոտական կենտրոնը (Սլովակիա),
— ՍԱԼՏՕ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսային կենտրոնը (Լեհաստան),
— ԱԳՈՐԱ կազմակերպությունը (Չեխիա),
— Հանրային վերլուծությունների Բուդապեշտի ինստիտուտը (Հունգարիա)։