ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ

75

28 մարտի, 2024թ․, Երեւան

 

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի նախաձեռնությամբ՝ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը՝ չորս արտախորհրդարանական ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցությունների հետ համագործակցաբար ս․թ․ մարտի 28-ին Անի Գրանդ հյուրանոցում կազմակերպել էին Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հերթական համաժողովը՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման։

Համաժողովը վարում էր «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը
Բացման խոսքում ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Էդգար Խաչատրյանը կարեւորեց այն հանգամանքը, որ հերթական անգամ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերը համախոհություն են ցուցաբերում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրոինտեգրման հարցում։ Նա նաեւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անունից վերահաստատեց պատրաստակամությունը աջակցելու դեպի ժողովրդավարացում եւ եվրոպական ինտեգրում ուղղված իշխանությունների քայլերին եւ վճռականությունը կոշտ ընդդիմանալու իշխանությանը՝ այդ ուղուց շեղվելու դեպքում։

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համա-համակարգող Լուսինե Հակոբյանը իր ուղերձում կարեւորեց պետության անվտանգային կարողությունների մեծացումը, տնտեսության դիվերսիֆիկացումը, ժողովրդավարական իրական բարեփոխումների իրականացումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայություն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը և այլն: Նրա կարծիքով այդ ամենին հասնելու համար մեզ ավելի քան անհրաժեշտ է Հայաստանի և սփյուռքի հայության միասնություն, համառություն, կամք, ամենօրյա անխոնջ և համակարգված աշխատանք:

Գերագույն Խորհրդի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության անկախության մարտիկ եւ դրա ակունքներում կանգնած նախկին այլախոհ Ազատ Արշակյանը շեշտադրեց Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության լիարժեք հաստատման պայքարում հասարակության, ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի եւ իշխանությունների համագործակցության անհրաժեշտությունը։ Նա նաեւ նշեց, որ եվրոպական ինտեգրումը մեզ պետք է նաեւ հենց Ռուսաստանից վերջնականապես անկախանալու համար։

Ապա ելույթ ունեցան «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը։ Արձանագրելով, որ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներն այսօր առավել քան երբևէ ուժեղ են և հաստատուն, նրանք ողջունեցին Հայաստանի իշխանությունների քայլերը՝ ուղղված երկրի մասնավորապես՝ Հռոմի ստատուտի վավերացումը, ԵՄ քաղաքացիական առաքելության հրավիրումը Հայաստան, Զվարթնոց միջազգային օդանավակայանում օտարերկրյա սահմանապահ ուժերի ծառայությունից հրաժարվելը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելը և այդ կառույցից դուրս գալու հայտնած մտադրությունը, ինչպես նաև ԵՄ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հունաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի հետ խորացող ռազմատեխնիկական, քաղաքական համագործակցության խորացումը։ Նրանք վերահաստատեցին ՀՀ իշխանությունների՝ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման քաղաքականությանը աջակցելու դեռ 2023թ․ փետրվարի 21- ին ընդունած հայտարարությամբ ամրագրված իրենց դիրքորոշումը՝ Եվրամիության արժեքային և իրավակիրառական լավագույն ավադույթներին հետևողական հավատարմության պայմանով։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, մեջբերեց սույն թվականի մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, ըստ որի եթե Հայաստանը ցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն դրան: Նա հիշեցրեց, որ հաջորդ իսկ օրը՝ Կառավարության նիստում, ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանի հանրային-քաղաքական ուժերը և, իհարկե, քաղաքացիները վերաբերմունք կարտահայտեն այս ուղերձի նկատմամբ։ Արձագանքելով քաղաքացիական հասարակության մտահոգություններին կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատական անկախ համակարգ ունենալու խնդիրների մասով, որոնք Հայաստանի եվրոպական ինտեգրման հիմնական խոչընդոտներից են, նա, վերահաստատեց իշխանության քաղաքական կամքը աշխատելու այդ ուղղությամբ, սակայն ընդունեց, որ այդ հարցում կա որոշակի լճացում։ Այդ լճացման փուլը հաղթահարելու համար նա իշխող կուսակցության անունից խնդրեց Համաժողովին հավաքված քաղաքական և հասարակական ուժերի աջակցությունը։

Ապա Հայաստանի եվրոինտեգրման վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը (տեսաուղերձով) եւ Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (տեսաուղերձով), ՊրոԱրմենիա հասարակական կազմակերպության ղեկավար Հարություն Կալայջյանը, կինորեժիսոր Ռուբեն Բաբայանը, քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը, Լիլիթ Դալլաքյանը եւ այլոք։ Այլ առաջարկների թվում նրանք նշեցին, որ Հայաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին գլխավոր խոչընդոտներից են կոռուպցիան, անպատժելիությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը, չկայացած արդարադատությունը, եւ պահանջեցին իշխանություններից ուժգնացնել այդ արատավոր երեւույթների դեմ պայքարը՝ բոլոր մակարդակներում, ջանադրորեն հետամուտ լինել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, արմատապես բարեփոխել դատաիրավական համակարգը՝ զերծ մնալով այս ոլորտներում հատվածային ու թերի փոփոխություններ անելուց։ Ելույթ ունեցողները նաեւ նշեցին Ռուսաստանից Հայաստանի անկախությաննն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, Հայաստանի՝ Եվրամիության լիիրավ անդամության անհրաժեշտությունը։ Ելույթ ունեցողները նաեւ դատապարտեցին հակասահմանադրական եղանակներով իշխանափոխության, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը տապալելու փորձերը։

Ամփոփելով միջոցառումը՝ Համաժողովը վարող «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանի եվրոինտեգրման այս վճռորոշ փուլում ոչ-բարեկամական երկրների, այդ թվում Ռուսաստանի դիմադրությունը հաղթահարելու եւ Ադրբեջանից եկող սպառնալիքներին արդյունավետորեն դիմակայելու հարցում առավել քան երբեւէ կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական քաղաքացիական եւ քաղաքական ուժերի համախմբումը։

Վերջում Հովսեփ Խուրշուդյանը ընթերցեց ԱլՔ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի, ԵՄ-Հայաստան (CEPA) քաղաքացիական հասարակության պլատֆորմի եւ ժողովրդավարական քաղաքական չորս կուսակցությունների ընդունած հայտարարության տեքստը, որին միացան նաեւ բազմաթիվ անհատ քաղաքացիներ, եւ առանձին կազմակերպություններ։