Վարդենիկ. բիզնեսի դասընթաց Գեղարքունիքի մարզի երիտասարդության համար

127

2023թ. փետրվարի 11, Վարդենիկ համայնք

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ մեկնարկում է «Վ4-ը հանուն Հայաստանի մարզերում երիտասարդների ձեռներեցության զարգացման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի մարզերի երիտասարդության կարողությունները նոր բիզնես հիմնելու եւ այն արդյունավետորեն զարգացնելու գործում, ինչպես նաեւ բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ – 4 ձեւաչափի:

Նախագիծն արձագանքում է Հայաստանի երիտասարդների շրջանում ուղեղների ներքին արտահոսքի խնդրին, որը տեղի է ունենում մարզերից դեպի մայրաքաղաք Երևան։ Ծրագիրը հավակնում է նպաստել մարզերում կենսապայմանների բարելավմանը՝ երիտասարդների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու միջոցով, զարգացնելով նրանց հիմնական բիզնես հմտությունները, այդ թվում՝ հաշվապահության, հարկերի և բիզնեսի կանոնակարգերի, շրջակա միջավայրի թափոնների վերամշակման եւ դրանց կառավարման ոլորտներում, ինչպեսեւ բարձրացնելով նրանց իրազեկությունը բիզնեսի զարգացման եվրոպական ծրագրերի մասին և խրախուսելով նրանց հիմնել սեփական նորաստեղծ ձեռնարկություններ:

Սա Ծրագրով նախատեսված 18 աշխատաժողովներից տասնհինգերորդն էր, որը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի երիտասարդության համար, Վարդենիկ գյուղի ավագ դպրոցի տարածքում: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 16 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են սեփական բիզնեսի հիմնադրմամբ կամ արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ:

Թրենինգի ժամանակ մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես-գաղափարները: Դրանցից լավագույնները ծրագրի ավարտին կարժանանան հատուկ մրցանակների: Առավել ակտիվ մասնակիցներ կհրավիրվեն մասնակցելու Աղվերանի գարնանային դպրոցին և Երևանի երիտասարդական համաժողովին. այս երկու միջոցառումներն էլ տեղի կունենան հաջորդ տարվա ապրիլ-մայիսին:

Միջոցառման ավարտին մասնակիցները հանդիպեցին Վարդենիկում գտնվող «Սարերի բարիք»/«Սարերի բարիք» ՍՁ-ի հիմնադիր, սոցիալական ձեռներեց Արտուշ Խաչատրյանին, հարցեր ուղղեցին բիզնես սկսելու և վարելու, խնդիրների և դժվարությունների մասին։

Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են․ Ռազմավարական վերլուծություն կազմակերպությունը (Սլովակիա), Կանաչ փիղ հիմնադրամը (Լեհաստան), ՍտարտԱփՍտարտ կազմակերպությունը (Չեխիա)։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի Վիշեգրադյան դրամաշնորհների միջոցով: Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: