30 Սեպտեմբեր 2022թ.
«Դուրս ՀԱՊԿ-ից» համախմբման նախաձեռնող խումբն այսօր հանդիպել է ԱԺ ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նախաձեռնության անդամները հանձնաժողովի նախագահին են ներկայացրել հանրային տրամադրությունները և մտահոգությունները՝ կապված ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա անդամակցության հետ: Վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հանդեպ այդ կառույցի անհաղորդ կեցվածքն ավելի է խորացնում Հայաստանի անվտանգային սպառնալիքները։
Նախաձեռնության անդամները կարևորել են ՀՀ անվտանգային համակարգի վերակողմնորոշումը, Արեւմուտքից նոր գործընկերների հետ անվտանգային հարցերում հարաբերությունների հաստատումը, զարգացումն ու խորացումը, ինչպես նաև, այդ համատեքստում երևան եկած նոր հնարավորությունների օգտագործումը։ Մտքեր փոխանակվեցին նաև Հայաստանի անվտանգային հիմնախնդիրներին առնչվող այլ՝ հրատապություն պահանջող հարցերի շուրջ։