ՙՙԼարվածություն և սպառնալիքներ եվրոպական սահմաններին՚՚ Եվրոպայի տարեցների միության ՏԵՍԱԿՈՆՖԵՐԱՆՍ

851

17 մարտի 2022 թ

Եվրոպական տարեցների միության (ESU)* համաժողովը տեղի ունեցավ առցանց։ Այն նվիրված էր անվտանգության սպառնալիքներին՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ, և թե ինչպես են դրանք ընկալվում Արևելյան Եվրոպայի երկրներում և ինչ կարելի է անել մայրցամաքում անվտանգությունն ապահովելու համար։ Մասնակիցները երեք բանախոսների օգնությամբ փորձել են հասկանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակը։ Զեկուցումներից հետո մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսներին։

Բանախոսներ:
▪ Պարոն Սթիվեն վան Հեկ, KU Leuven-ի համեմատական ​​և ԵՄ քաղաքականության պրոֆեսոր
▪ Տիկին Էլիզաբեթ Բաուեր (KAS), Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Բալթյան երկրների գրասենյակի ղեկավար
▪ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերությունների հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ պարոն Թոմ Վանդենկենդելաեր (ԵԽ պատգամավոր):

Կոնֆերանսին հրավիրված էր «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ որպես հայկական «Ավագ սերնդի միավորում» ՀԿ-ի** անդամ։

Ստորեւ ներկայացնում ենք նրա կարճ ելույթը.

“Հարգելի գործընկերներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպայի տարեցների միության գործադիր կոմիտեին և անձամբ ԵՏՄ նախագահ Ան Հերմանսին, այս պատկառելի և անչափ կարևոր համաժողովին ինձ հրավիրելու համար։

Մեր գործընկերներից մեկը հարց բարձրացրեց, թե ինչպես կարող է Եվրամիությունը կանգնեցնել պատերազմն ու ուկրաինացի ժողովրդի տառապանքները։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն արդեն իսկ արդյունք են տալիս. վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանից միայն Հայաստան արտագաղթել է ավելի քան 50 հազար մարդ։ Պատժամիջոցների և Արևմուտքի կողմից Ուկրաինայում ռուսական ագրեսիային միասնաբար հակադարձելու արդյունքում շատ ռուսներ արդեն մտածում են, թե որքանով էր օրինական և արդար Կրեմլի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը: Նրանք սկսում են տեղեկատվության նոր, ավելի օբյեկտիվ աղբյուրներ փնտրել։ Եվ որքան շատ լինեն պատժամիջոցները, այնքան ավեի ուժեղ դրանք կհարվածեն ռուսների բարեկեցությանը, ու այնքան մեծ կլինի հավանականությունը, որ կփոխվի ՌԴ քաղաքացիների վերաբերմունքն այս պատերազմի նկատմամբ։

Ինչպես գիտենք, ավտորիտար ռեժիմներն են, որ պատերազմներ են սանձազերծում` առաջին հերթին սեփական իշխանությունը պահպանելու համար: Կարծում եմ, որ Արևմուտքի դիրքորոշումը 2014 թվականին բավարար կոշտ չէր Պուտինի նկատմամբ, ով Դոնբասում պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Նույնը, Արևմուտքը բավական կոշտ դիրքորոշում չցուցաբերեց Ալիևի և Էրդողանի նկատմամբ, ովքեր Պուտինի հետ համաձայնությամբ պատերազմ սկսեցին ժողովրդավարական Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ 2020-2021 թվականներին։ Այս անպատիժ պատերազմը թույլ տվեց Ռուսաստանին և Ադրբեջանին օկուպացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության որոշ սահմանամերձ տարածքներ։ Այս ամենը Պուտինին հանգեցրեց այն մտքին, որ միջազգային քաղաքական և իրավական համակարգն արդեն փոխվել է, որ աշխարհակարգը փոխվել է, և որ արդեն հնարավոր է հարցերը լուծել բիրտ ռազմական ուժի դիրքերից և սկսել նոր աշխարհակարգ կառուցել՝ հիմնվելով արյուն, անարդարություն, ուժեղի իրավունքի վրա:

Կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է ավելի հետևողական լինի ՄԱԿ-ում՝ կանխելու միջազգային խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու մեթոդաբանությունը։ Եվ դրա համար, ինձ թվում է, պետք է ավելի խիստ կանոններ, ավելի խիստ պատիժ սահմանել պատերազմներ սկսող կողմերի համար։ Նաև, ավելի անհանդուրժող վերաբերմունքը ավտոկրատական ​​ռեժիմների և, առավել ևս՝ բռնապետությունների նկատմամբ, կարծում եմ, պետք է դառնա Արևմուտքի և, մասնավորապես, ԵՄ-ի գլխավոր առաջնահերթությունը։

Շնորհակալություն.”

Համաժողովը կազմակերպել էր ԵՊՀ գործադիր կոմիտեն։

Ահա Համաժողովի ծրագիրը (անգլերեն).

————————————————— —————-

* Եվրոպական տարեցների միությունը (ESU) Եվրոպայում ամենամեծ քաղաքական տարեցների կազմակերպությունն է, Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) ասոցացված անդամ և ներկայացված է 27 երկրներում՝ 34 կազմակերպություններով և մոտ 1.269.000 անդամներով։

** Ավագ սերնդի միավորումը ընդունվել է Եվրոպական տարեցների միություն 2017 թվականին որպես դիտորդ անդամ: