ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

1509

ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի /այսուհետ՝ Պլատֆորմ/ հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման նպատակով ստեղծված Ընտրական հանձնաժողովը հրավիրում է թեկնածուներին մասնակցել Պլատֆորմի անդամության մրցույթին որպես հավակնորդ:

Պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները, որոնց անդամների, այդ թվում` ղեկավար մարմինների անդամների առնվազն 75 տոկոսն ընդգրկված չէ պետական կառավարման մարմիններում: Պլատֆորմի անդամները, այդ թվում` փոխարինող անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով:

Պլատֆորմի անդամ դառնալու թեկնածուներին ներկայացվող պահանջներն ու գնահատման չափանիշները կարող եք տեսնել այստեղ:

Իսկ Պլատֆորմի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Ընտրություններին և քվեարկության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող կազմակերպության ներկայացուցիչը (այսուհետ` Հավակնորդ) մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը առձեռն ք.Երևան, Ղազար Փարպեցու փողոց, 9բ հասցեով կամ heriknaz.harutyunyan@eap-csf.am էլեկտրոնային հասցեին Ընտրական հանձնաժողովին է ներկայացնում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները։ Էլեկտրոնային նամակի «թեմա» տողում անհրաժեշտ է նշել «ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ քաղհասարակության պլատֆորմի ՀԱՎԱԿՆՈՐԴ»:

Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը կծանուցվի փաստաթղթերը ստանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում` իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

Ներկայացված փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդն այդ մասին Քարտուղարության կողմից կծանուցվի էլ. փոստի միջոցով, մինչև ս.թ. նոյեմբերի 27-ը։ Փաստաթղթերի թերությունները հավակնորդի կողմից կարող են վերացվել երեք օրվա ընթացքում, մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը:

Ընտրական հանձնաժողով