Հակաճգնաժամային քաղաքացիական քննարկում

2567

Երևան, դեկտեմբերի 21, 2020թ․

Դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ անկախ հանրային հավաք՝ «Հակաճգնաժամային քաղաքացիական քննարկում» խորագրով, որին մասնակցում էին անհատ քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, գիտական ոլորտների փորձագետներ։ Հանդիպման նպատակն էր՝ գնահատական տալ հետպատերազմյան իրադրության մեջ Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, հստակեցնել հրատապ քայլերի ուղղությունները և ի մի բերել գործնական առաջարկությունները։

Ներկաներն ընդգծեցին, որ պատերազմի ավարտից ի վեր Հայաստանը հայտնվել է բազմաշերտ ճգնաժամային իրադրության մեջ, որին նպաստում են մի կողմից՝

– պատերազմի հարուցած հումանիտար լայնամասշտաբ խնդիրները,
– անհայտ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ճակատագրի անորոշությունը,
– Հայաստանի և Արցախի սահմանների դեմարկացիայի աննախադեպ հապճեպ և անփույթ գործընթացը,
– Հայաստանի արտաքին քաղաքականության և պետական, խորհրդարանական ու հանրային դիվանագիտության անբավարար մակարդակը,
– տարածաշրջանի երկրների հարաբերություններում Հայաստանի դիրքերի թուլացումը,
– կորոնավիրուսային համաճարակից ի վեր առաջացած ու պատերազմով ուժգնացած` տնտեսական և առողջապահական ոլորտների ծանր կացությունը, մյուս կողմից՝
– Հայաստանի Հանրապետության ղեկավարության կրավորական կեցվածքը՝ երկրի անվտանգային հարցերի լուծման, ինքնիշխանության եւ արդյունավետ պետության կայացման, ժողովրդավարական, հատկապես՝ դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցերում, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում քաղաքական կամքի և հանրային վստահություն վայելող որակյալ մասնագետների ներգրավման կամքի բացակայությունը,
– «17 կուսակցությունների» կողմից հնչեցվող բռնության կոչերը, ատելության խոսքի տարածումը և ամբողջ հասարակության անունից վերջնագրերով հանդես գալով զուգորդված փողոցային պայքարը,
– արդյունքում հասարակության խորացող բևեռացումը, քաղաքացիական հասարակության թիրախավորումը մի բևեռի կողմից և օտարումը մյուս բևեռի կողմից։

Քննարկման մասնակիցները արձանագրեցին, որ պատերազմի արդյունքները հարվածել են Հայաստանի և Արցախի բնակչության ինքնությանը, վտանգված են մարդկանց անվտանգությունը և իրավունքները, ՀՀ և ԱՀ պետական ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։ Հետպատերազմյան իրադրությունը խոցելի է դարձնում Արցախի բնակչության` իր պատմական հայրենիքում արժանապատիվ ապրելու, ինքնորոշվելու, նրանց անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքները և նոր մարտահրավերներ ստեղծում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի համար։

Պատերազմի օրերին և հետպատերազմյան իրավիճակում ՀՀ հիմնական պատասխանատու պետական կառույցների գործունեությունը հարուցել է հանրության արդարացի բողոքը՝ ստեղծելով կազմակերպչական և տեղեկատվական վակուում, որի պայմաններում պետության մի շարք գործառույթներ, այդ թվում՝ թիկունքի համակարգումը, հումանիտար աջակցության կազմակերպումը, մասամբ իրականացվել և իրականացվում է քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։ 2018թ․-ից ի վեր ժողովրդի անունից հանդես եկող կառավարող ուժն այսօր գործում է քաղաքացու հետ ուղիղ հաղորդակցության և հաշվետվողականության բացակայության պայմաններում։

Տեղի ունեցող բանակցություններում Հայաստանի ներկայացվածության անհասկանալի կարգավիճակը, երկրի սահմանների շուրջ ստեղծված անորոշությունը, սահմանազատման միակողմանի հապճեպ իրականացումը՝ առանց քաղաքացիների, այդ թվում՝ Արցախի և Հայաստանի սահմանամերձ տարածքների բնակիչների, զինծառայողների եւ կամավորների անվտանգության երաշխիքների ստեղծման, ցույց են տալիս, որ կառավարությունը չունի բավարար մասնագիտական ռեսուրսներ եւ կարողություններ՝ իրականացնելու հակաճգնաժամային, անվտանգային և պաշտպանական կարևորագույն գործառույթներ, ինչպես նաև պատրաստակամություն՝ ներգրավելու եւ համագործակցելու փորձագետների ու մասնագիտական հանրության ներկայացուցիչների հետ։

ՀՀ կառավարման մեջ նոր ուժերի ներգրավումը դարձել է հրամայական՝ երկրի պետականության և քաղաքացու արժանապատիվ կյանքի շարունակականության երաշխավորման համար։ Միաժամանակ, պետք է ընդգծել, որ կառավարության հրաժարականին ուղղված ցանկացած գործընթաց, որին պետք է անմիջապես հաջորդեն
արտահերթ խորհրդարանական ընտրությունները, պետք է տեղի ունենա ՀՀ օրենքի գերակայության պահպանմամբ, ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում:

Հանրության շրջանում առողջ երկխոսության կայացման անհրաժեշտ է կազմել պատերազմի չկանխարգելման, ընթացքի և աղետալի հետևանքների բովանդակային և փաստացի հանգամանքների հետաքննության մասնագիտական անկախ հանձնաժողով, որը թույլ կտա դաշտը մաքրել անվերջանալի փոխադարձ մեղադրանքներից, հանդարտեցնել ատելության թեժացող մթնոլորտը և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև այն արձանագրումը, որ առկա ներքաղաքական լարվածությունը ոչ միայն հետպատերազմյան ճգնաժամի, այլև ներկա կառավարող ուժի կողմից 2018թ․-ի թավշյա հեղափոխության ժողովրդավարական բարեփոխումների հանրային պատվերի իրականացման և ռազմավարական հաղորդակցության ձախողման արդյունք է։ Այս առումով, ճգնաժամի հանգուցալուծման և իրավիճակի կայունացման նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է անկողմնակալ գնահատական տալ Արցախյան երկրորդ պատերազմում պարտության համար պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերի անցած ուղուն, այդ թվում
արձանագրել՝

– նախորդ իշխանությունների՝ տասնամյակներ շարունակ իրականացրած տնտեսական թալանի և գործարկած կոռումպացված համակարգի քայքայիչ ազդեցությունը,
– ներկա կառավարող ուժի կողմից ձախողած առաջնահերթ հանձնառությունները՝ անցումային արդարադատության, սահմանադրական բարեփոխումների իրականացումը, ընտրական նոր օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի ընդունումը, դատաիրավական համակարգի բարեփոխումները, պաշտպանական համակարգի դիմադրողականության բարձրացումը, դիվանագիտության մեջ նախաձեռնողականության և նոր մոտեցումների բացակայությունը, տնտեսական հեղափոխությունը։

Հակաճգնաժամային քայլերի իրականացման համար գերակա անհրաժեշտություն են՝
– բռնության բացառման, մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության սկզբունքների որդեգրումը,
– բաց, անկեղծ եւ բազմակողմանի երկխոսությունը՝ որպես լուծումների որոնման ճանապարհ,
– հանրային համերաշխության օրակարգի որդեգրումը՝ որպես հասարակական պահանջ և հանրության ներուժի մոբիլիզացման և կոնսոլիդացման առիթ։

Հանդիպման ընթացքում հնչեցված գնահատականների և առաջարկների հիման վրա՝ նախաձեռնող խումբն առաջիկայում կիրականացնի նոր հանդիպումներ, կընդլայնի քննարկումների ու համախոհների շրջանակը և հանդես կգա գործնական քայլերով։

Լիահույս ենք, որ այս ճանապարհով կկարողանանք հանրության մեջ ձևավորել փոխադարձ վստահության ու հանդուրժողականության մթնոլորտ, որտեղ քաղաքացին կունենա ժողովրդավարական և իրավական պետություն ունենալու իր պատվերի իրականացմանը հետևողական լինելու երաշխավորված հնարավորություն։ Համոզված ենք, որ չենք կարող հասնել արտաքին խաղաղության և զարգացման, եթե չլինի ներքին հաշտեցում, իրական ժողովրդավարություն ու երկխոսություն։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն այլընտրանք չունի։

Մասնակիցներ
Արման Նավասարդյան, դիվանագետ, դասախոս, Սլավոնական համալսարան
Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
Գայանե Շագոյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտ
Սոսի Թաթիկյան, հանրային, արտաքին և անվտանգության քաղաքականության և
կառավարման մասնագետ
Թամարա Գևորգյան, «Հեռանկարային զարգացման կենտրոն»
Սեդա Մուրադյան, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
Լիանա Թորոսյան, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ
Նինա Կարապետյանց, «Հելսինկյան Ասոցիացիա» ՀԿ
Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Ալեքսանդր Մարտիրոսյան, «Հանրային լրագրության ակումբ»
Արամայիս Ավետիսյան, «Քաղաքական երկխոսություն» ՀԿ
Գոհար Շահնազարյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժ» ՀԿ
Մամիկոն Հովսեփյան, Փինք իրավապաշատպան ՀԿ
Արփի Մանուսյան, Սոցիոսկոպ ՀԿ
Դանիել Իոաննիսյան, ԻՔՄ
Արտաշես Սերգոյան, ԻՔՄ
Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Դավիթ Պետրոսյան, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն
Յուրի Ավագյան, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն

Հանդիպման նախաձեռնող թիմ՝
Կարեն Հակոբյան, «Հույս» ՀԿ
Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՀԿ
Սոնա Այվազյան, ԹԻՀԿ
Սեդա Գրիգորյան, ՀՀ քաղաքացի
Լուսինե Խառատյան, ՀՀ քաղաքացի