Հովսեփ Խուրշուդյանը ԳԼՈԲՍԵԿ գլոբալ անվտանգության համաժողովում ներկայացրեց Արցախյան խնդիրը

1523

7-8 Հոկտեմբերի 2020թ․, Բրատիսլավա (առցանց)

 

“Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեց Եվրոպայի անվտանգության հարցերով ամենամյա ԳԼՈԲՍԵԿ (Global Security) ֆորումին, որն այս տարի, ԿՈՎԻԴ-19-ի պատճառով առցանց էր։

Արցախում տեղի ունեցող պատերազմի կապակցությամբ օրակարգում հրատապ փոփոխություն էր մտցվել, եւ դրանում  տեղ էր հատկացվել Ղարաբաղյան խնդրին։ Ֆորումին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, այդ թվում՝ Արցախի խնդրի առաջատար փորձագետներից Թոմաս դե Վաալը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

“Տարածաշրջանային քաղաքական ճգնաժամի ազդեցությունը քաղաքացիական հասարակության վրա և աճող դիմադրողականությունը առաջ եկող միտումների հանդեպ” խորագրի ներքո անցկացված առանձնացված քննարկման ընթացքում նշվեց, որ քաղաքական և անվտանգային ճգնաժամերը շարունակում են հետաձգել Արևելյան գործընկերության երկրների առաջընթացի ճանապարհը՝ Բելառուսից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումը, Վրաստանից մինչև Մոլդովա։ Արձանագրվեց, որ ծավալվող պատերազմը անընդունելի է, առավելեւս, որ այն տեղի է ունենում Արեւելյան գործընկերության անդամ երկրների տարածքում։

Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց իր տեսակետը հենց այժմ Արցախի հանդեպ միջազգային իսլամական ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառների մասին։ Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում մեր երկրում հաստատվեց ժողովրդավարություն։ Կոռուպցիայի դեմ սկսված պայքարը, նախկին բարձրաստիճան կոռուպցիոներների դեմ քրեական գործերի հարուցումը մի կողմից համակրանք ձեւավորեց  Ադրբեջանի ժողովրդի եւ քաղհասարակության մոտ Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ, հող նախապատրաստելով ժողովուրդների միջեւ վստահության վերականգման համար, ինչը մեծացրեց Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Մյուս կողմից, հայկական հեղափոխությունը վտանգավոր օրինակ դիտվեց թե՛ Ադրբեջանի իշխանությունների եւ թե՛ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկերների կողմից, որոնք ավտորիտար իշխանություններ են ներկայացնում։ Հատկապես վտանգավոր իրողություն էր դիտվում այն, որ հեղափոխությունից հետո արդեն երկրորդ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը դարձավ ամենաբարձրը թե՛ ԵԱՏՄ եւ թե անգամ Եվրամիության երկրների համեմատ։ Հենց նման պայմաններում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիան՝ ղարաբաղյան խնդրի պատրվակով, որի հանդեպ շատ զուսպ արձագանքեցին ԵԱՏՄ/ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի պաշտոնական դաշնակիցները, այդ թվում եւ հատկապես Ռուսաստանը։ Այսպիսով, այսօրվա պատերազմը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում եւ Արցախում ժողովրդավարությունը խեղդելու, այն հեղինակազրկելու եւ արտաքին ճնշմամբ իշխանափոխություն իրականացնելու փորձ։  Նման պայմաններում առանցքային նշանակություն է ստանում Եվրամիության դերակատարությունը ԱլԳ անդամ երկրի՝ Հայաստանի, ինչպես նաեւ Արցախի հանրապետության հանդեպ սանձազերծած ագրեսիայի կանգնեցնելու գործում։ Նա կարեւորեց ԵՄ դիրքորոշումն այս հարցում, ինչպեսեւ Եվրոպական խորհրդարանում օրերս տեղի ունեցած լսումները՝ նվիրված Արցախում ընթացող պատերազմին, սակայն կարծիք հայտնեց, որ Եվրամիությունը կարող է գործադրել ավելի առարկայական քայլեր։

Արձագանքելով առաջ քաշված թեզին, փորձագետներից մեկը նշեց, որ, իհարկե, ԵՄ դերը այս հարցում կարող է արժեքավոր լինել, դրա իրականացման համար առկա են նաեւ որոշակի լծակներ։ Սակայն Եվրամիությունը այստեղ իր ամբողջական ներուժը կիրառելու հարցում որոշակի սահմանափակումներ ունի, քանի որ անհրաժեշտություն կա ներքին համաձայնեցումների անդամ պետությունների միջեւ։ Մինչդեռ կան անդամ պետություններ, որոնք լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Սակայն եվրահանձնաժողովը պետք է հնարավորինն անի կանգնեցնելու համար այս պատերազմը։

Իր հերթին անդրադառնալով նշված խնդրին, եվրահանձնաժողովի ներկայացուցիչը համաձայնելով նախորդ բանախոսի այն կարծիքի հետ առ այն, որ Եվրամիությունը որոշակիորեն կաշկանդված է ներքին համաձայնեցումների ընթացակարգերով, սակայն նշեց, որ անդամ երկրները արդեն այժմ որոշակի ջանքեր գործադրում են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ եւ որ այդ ջանքերը օրըստօրե ավելի տեսանելի կլինեն։ Խոսքը նախեւառաջ վերաբերում էր Ֆրանսիային, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի։ ԵՀ ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ վաղվանից սկսյալ այս հարցով նախատեսված են քննարկումներ Ժնեում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ։

Խնդրո առարկայի կապակցությամբ հնչեցին նաեւ այլ կարծիքներ եւ դիտարկումներ։

Համաժողովի սեսիոն քննարկումները կարող եք դիտալ հետեւյալ հղումներով․

https://youtube.com/watch?v=reNudGb6D1Y%3Fautoplay%3D1

https://youtube.com/watch?v=6_C4xCb1vpc%3Fautoplay%3D1