Free Citizen NGO website[:am]Free Citizen

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը տարածաշրջանում իրավիճակի լարման եւ պատերազմի վերսկսման սպառնալիքի մասին

25 օգոստոսի 2022թ.,  Երեւան

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն ահազանգ է հնչեցնում Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքի կապակցությամբ, ինչը հղի է տարածաշրջանում նոր ապակայունացմամբ եւ զոհերով, ինչպես որ դա արդեն տեղի ունեցավ ս.թ. օգոստոսի սկզբերին, և կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել իր ջանքերը ներգրավված կողմերի միջև միջնորդության հարցում:

Պատերազմի վերսկսման նման սպառնալիք են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի Հանրապետության եւ չճանաչված Արցախի հանրապետության հանդեպ իր տարածքային հավակնությունների մասին շարունակվող հայտարարությունները, ինչպես նաեւ պնդումները, որ Ադրբեջանը շարունակելու է զինվել, քանի որ «ուժի գործոնն այսուհետ գերակա կլինի», եւ որ ուժի սպառնալիքով ստիպելու է Հայաստանին թե՛ իրեն «միջանցք» տրամադրել եւ թե՛ ընդունել սահմանազատման եւ սահմանագծման իր պայմանները: Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է Թուրքիայից, Իսրայելից եւ այլ երկրներից նորագույն սպառազինությունների, այդ թվում՝ վերջին սերնդի անօդաչու սարքերի եւ հրետանու մեծածավալ գնումներ անել, ինչպես դա տեղի էր ունենում 2020թ. պատերազմին նախորդող ամիսների ընթացքում: Այդ ամենը ընդամենը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ պաշտոնական Բաքուն չի վարանում գործել՝ անտեսելով միջազգային իրավունքը։

Իլհամ Ալիեւը, ով 1991թ.-ին, 2016թ.-ին եւ 2020թ.-ին պատերազմ սանձազերծած Ադրբեջանի ներկայիս նախագահն է, եւ ով սեփական հասարակության ազատության և անվտանգության հիմնական սպառնալիքն է, հայտարարում է, որ հայերը կարող են անվտանգ ապրել Ադրբեջանում։ Նման հավաստիացումները չեն կարող վստահություն ներշնչել: Նախ՝ վերջին պատերազմում իսլամիստ ծայրահեղականների և վարձկանների ներգրավելու ու հակամարտության տարածքում բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարելու պատճառով: Երկրորդը՝ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից փաստվել է, որ այդ երկրում պետական մակարդակով հայատյացությունը, ատելության քարոզչությունը, մշակութային ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում են: Դա արձանագրել է նաեւ 2004թ․Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից քնի մեջ կացնահարված Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից 2020թ. մարտի 26-ին ընդունված վճիռը, որով փաստվում է կյանքի իրավունքի խախտումը՝ էթնիկ խտրականության հիմքով: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն չդադարեցրեց հայերի հանդեպ իր խտրական քաղաքականությունն ու ատելության հռետորաբանությունը, այլեւ ահագնացրեց դրանք, չթաքցնելով, որ Ադրբեջանի համար խիստ ցանկալի է ստանալ Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ առանց հայ բնակչության։ Այս ամենին զուգահեռ շարունակվում է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների հանդեպ վանդալիզմը եւ դրանց ոչնչացումը:

Տարիներ շարունակ ԱլԳ ՔՀՖ կողմից հնչեցրած ահազանգերն այն մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համակարգային եւ խորքային խնդիրներ կան, մշտապես համընկել են միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականների հետ առ այն, որ Ադրբեջանի ներկայիս քաղաքական համակարգը ի զորու չէ երաշխավորել մարդկանց ազատ, անվտանգ ու արժանապատիվ կյանքը։ Այս իրողությունը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Ղարաբաղյան համակարտության հիմքում ընկած խնդիրը ոչ թե տարածքն է, այլ այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու Ադրբեջանի անկարողությունը։

Այս իրավիճակը էլ ավելի է վատթարանում, քանի որ բազմաթիվ միջադեպերը ապացուցում են, որ ռուս խաղաղպահները չեն կատարում խաղաղությունը պահպանելու իրենց պարտականությունը: Որեւէ քայլ չի ձեռնարկվել 35000-ից ավելի հայ փախստականների՝ Հադրութի, Շուշիի, Մատաղիսի, Թալիշի, Խծաբերդի եւ տասնյակ այլ բնակավայրերի իրենց հայրենի տներ վերադառնալու համար անվտանգ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ ս.թ. ապրիլին հայազրկվեց Արցախի հերթական գյուղը՝ Փառուխը, իսկ դրա մոտակա Քարագլուխ բարձունքը բռնազավթվեց ադրբեջանական զորքերի կողմից՝ խախտելով նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի պայմանները: Նույնը տեղի ունեցավ ս.թ. օգոստոսին, երբ Արցախի Եղցահող գյուղի շրջակա բարձրունքներից ռուս խաղաղապահների պահանջով հեռացվեցին Արցախի ինքնապաշտպանական ուժերը, որից հետո այն գրավեցին ադրբեջանական զինված ուժերը՝ ուղիղ նշանառության տակ վերցնելով հայկական գյուղը եւ, ըստ էության դարձնելով այն բնակության համար ոչ անվտանգ: Միաժամանակ, ռուսական կողմի փոխանցած վերջնագրով իրենց տներից պետք է մինչեւ օգոստոսի 25-ը դուրս գան Լաչինի միջանցքի երկայնքով բնակվող հայ խաղաղ բնակիչները, որոնց զգալի մասը Ադրբեջանի այլ բնակավայրերից մազապուրծ եղած փախստականներ են: Մի պահանջ, որը որեւէ համաձայնագրով, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ: Վերջապես, Կրեմլը իր խաղաղապահներին արդեն իսկ օգտագործում է հայ լրագրողների կամ քաղաքական գործիչների՝ իր հայեցողությամբ Արցախ մուտք գործելն արգելելու համար՝ այդպիսով խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնց իրագործումը իբր կոչված է երաշխավորել:

Այս ամենը ոչ միայն եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կեղծ են Իլհամ Ալիեւի հայտարարությունները այն մասին, որ Ադրբեջանում հայերին ոչինչ չի սպառնում, այլ նաեւ ապացուցում է, որ Ադրբեջանում իշխող դիկտատուրայի նպատակը շարունակում է մնալ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումն ու հայրենազրկումը, անգամ հայկական հետքի վերացումը, եւ որ այդ գործում պաշտոնական Բաքուն սերտորեն համագործակցում է Կրեմլի հետ:

Նման պայմաններում մենք ողջունում ենք Եվրախորհրդարանի 2022թ. մարտի 10-ին ընդունած բանաձեւը, որով նա խստորեն դատապարտել է «Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու եւ ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը եւ Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը», ինչպես նաեւ ընդունել է, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռեւիզիոնիզմի եւ հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում»:

Մենք նաեւ բարձր ենք գնահատում ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը, որում, դատապարտելով պաշտոնական Բաքվին ս.թ. օգոստոսի առաջին օրերին ռազմական էսկալացիայի համար, նշվում է, որ «Ադրբեջանի մահաբեր հարձակումները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին դրսևորումների անընդունելի շարունակություն։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»:

Մենք ողջունում ենք Հայաստանի բողոքի հիման վրա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ ս.թ. օգոստոսի 19-ին միջանկյալ միջոց կիրառելու մասին վճիռը, որով ՄԻԵԴ-ը «կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց»: Եվրադատարանը նաև արձանագրել է, որ Հայաստանի կառավարության վկայակոչած իրադարձությունների, «այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքների, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը»:

Մենք նաեւ ողջունում ենք տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելուն միտված Եվրամիության միջնորդությունը, որը ձգտում է լրացնել, այլ ոչ թե չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, որն ունի հակամարտության խաղաղ կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ու բարձրագույն մանդատը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակի՝ ս.թ. մայիսի 31-ին արված հայտարարությունը, որի դրական մյուս ուղերձների թվում նշվում էր, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են ճանապարհների ապաշրջափակման համատեքստում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված իրենց կողմից արտատարածքային պահանջների բացակայությունը: Ոչ պակաս կարեւոր է, որ ԵՄ խորհրդի նախագահի անունից նշվում էր, որ բոլոր հիմնական խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաեւ 2020 թվականին դրա վերսկսմանը, պետք է լուծվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ կայուն եւ արդար խաղաղության պայմաններ ստեղծելու համար: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ նախագահ Ալիեւի ագրեսիվ ավտորիտար վարչակարգի հանդեպ ԵՄ-ն պետք է ավելի  աչալուրջ լինի եւ ավելի հասցեական քննադատության ենթարկի նրան, ինչը գործուն միջոց կարող է դառնալ մոտ ապագայում ԱլԳ տարածաշրջանում երկրորդ պատերազմի վերսկսումը կանխելու գործում:

Կոչ ենք անում ԵՄ առաջնորդությանը.

  1. Ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում.
  2. Հետեւելով Եվրախորհրդարանի 2022թ. մարտի 10-ի բանաձեւին, հետևողականորեն և վճռականորեն դատապարտել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը և քայլերը: Դա հատկապես կարեւոր է, երբ դրանք վերաբերում են. (i) ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական խախտմանը, (ii) 2021թ.-ի մայիսից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի մասի օկուպացիային, (iii) Արցախի բնակչությանը հումանիտար աղետի հասցնելու՝ պարբերաբար իրականացվող քայլերին՝ գազատար եւ էներգատար ենթակառույցների պայթեցմանը, դրանց վերականգնումն արգելափակելուն, սահմանամերձ հայկական գյուղերի վրա մեգաֆոններով սպառնալիքների եւ սեփական տները լքելու պահանջների հնչեցմանը, (iv) հայ ռազմագերիներին վերադարձնելուց հրաժարվելուն, (v) պաշտոնական Բաքվի եւ Մոսկվայի ճնշմանը պաշտոնական Երեւանի վրա՝ Ադրբեջանին արտատարածքային «միջանցք» տրամադրելուն Սյունիքի մարզի ինքնիշխան հայկական տարածքում՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության ներքո, (vi) ամբողջ տարածաշրջանում իրավիճակը եւս մեկ անգամ ապակայունացնելուն ուղղված այլ գործողություններին։
  3. Աջակցել հրատապ քայլերի իրագործմանը, որոնք անհրաժեշտ են կողմերի միջեւ վստահության կառուցմանը, մասնավորապես՝
    1. ռազմագերիների վերադարձին, ինչը պաշտոնական Բաքուն հրաժարվում է անել անտեսելով ժողովրդավարական երկրներից բազմիցս հնչած հորդորները,
    2. Հայաստանի Հանրապետության տարածք 2021թ. մայիսի 12-ից հետո ներխուժած ադրբեջանական զորքերի հետքաշմանը,
    3. տարածաշրջանում ատելության խոսքի տարածման կանխարգելմանը,
    4. ռուս խաղաղապահներին միջազգային՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ մանդատ ունեցող խաղաղապահներով փոխարինմանը,
    5. կողմերի միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցում ԵՄ փորձագետների ակտիվ ներգրավմանը,
    6. կողմերի միջեւ բոլոր մակարդակներով երկխոսության ծավալմանը։

Վստահ ենք, որ Եվրոպական միությունը հավատարիմ կմնա Արեւելյան գործընկերության հիմքում ընկած սկզբունքներին եւ, մինջորդի իր դերն իրագործելիս, հստակ քաղաքական եւ տնտեսական մեխանիզմներ կառաջարկի, որոնք կբացառեն պատերազմի վերսկսումը, կօգնեն հակամարտության խաղաղ եւ կայուն հանգուցալուծմանը ժողովրդավարության, մարդու եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:[:]

Exit mobile version